Հուլիսի 17-ը հոկտեմբերի 27 չէ

Լրատվական դաշտում ու սոցցանցերում «Սասնա ծռերի»՝ հուլիսի 17-ին նախաձեռնած գործողությունը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ նույնացնելու համառ փորձեր են նկատվում: Այդ նույնացումը կարող է արդարացնել ոստիկանական բռնություններն ու արյունահեղությունը, «Սասնա ծռերին» ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհով ստեղծված ճգնաժամի հաղթահարումը: Իրականությունն այն է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը բովանդակային առումով արմատապես տարբեր է 2016 թ. հուլիսի 17-ից:

Նշենք տասը պատճառ, որոնք տարբերակում են հոկտեմբերի 27-ի ու հուլիսի 17-ի իրադարձությունները, իրավիճակները, այդ երկու գործողություններին տրվող որակումները, և թե ինչու քաղաքացիները 1999 թ. հոկտեմբերի 27-ին չէին աջակցում (այդ թվում՝ հրապարակային) Նաիրի Հունանյանին ու նրա բանդային, սակայն 2016 թ. հուլիսին ակնհայտորեն աջակցում են «Սասնա ծռերին»:

  1. 1999 թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի գործուն ջանքերով ձևավորված նոր իշխանությունից քաղաքացիները հստակ ակնկալիքներ ունեին, հույսեր էին կապում: Այդ իշխանությունը չէր կանգնել բոլորի կոկորդին, իսպառ կորցրել լեգիտիմության նշույլները:
  2. Վազգեն Սարգսյանը իշխանությունը կիսել էր հանրային լայն լեգիտիմություն ունեցող Կարեն Դեմիրճյանի հետ, և այդ դաշինքը ձևավորվել էր 1999 թ. մայիսի խորհրդարանական ընտրության արդյունքում, որի լեգիտիմությունը, համեմատած մյուս ընտրությունների հետ, բավականին բարձր էր: Ի տարբերություն Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան դաշինքի, ներկա իրավիճակում Սերժ Սարգսյանը երկու անգամ՝ 2008 և 2013 թթ․ խիստ կասկածելի, վիճահարույց ընտրությունների և մարտմեկյան տասը սպանությունների միջոցով ուղղակի բռնազավթել է իշխանությունը: Բռնազավթած իշխանության համար լեգիտիմության իմիտացիա ստեղծելու պատրանքով Սերժ Սարգսյանն իր շուրջն է հավաքել արգահատելի արտաշեսգեղամյանատիպ քաղաքական գործիչների, առևտրական կառույցների տրամաբանությամբ գործող կուսակցությունների, իսկ լեգիտիմության իմիտացիայի ինֆորմացիոն հովանավորն է կոռումպացված լրատվական դաշտը:
  3. Նաիրի Հունանյանի և նրա բանդայի նպատակն ի սկզբանե տեռորն էր՝ հարձակում օրենսդիր մարմնի վրա, բաց կրակ, գրեթե մեկ տասնյակ զոհեր: Այսինքն՝ Նաիրի Հունանյանը 1999 թ. Ազգային ժողովը գրավել էր՝ նաև նպատակ ունենալով վերացնելու երկրի քաղաքական ղեկավարությանը: Նաիրի Հունանյանը խնդիրների լուծումը պատկերացնում էր երկրի քաղաքական ղեկավարության ֆիզիկական ոչնչացման մեջ, ինչը և արվեց: Այսինքն՝ սպանությունը եղել է նրա նպատակներից մեկը, ինչը ոչ մի կերպ չի կարելի ասել «Սասնա ծռերի» պարագայում, քանզի նրանք ի սկզբանե նպատակ չեն ունեցել որևէ մեկին սպանելու:
  4. Նաիրի Հունանյանը ցուցաբերել է ահաբեկիչներին հատուկ դաժանություն, պատանդների ահաբեկում և նույնիսկ ընդգծված անհարգալից վերաբերմունք սպանվածների մարմինների նկատմամբ. այն, ինչ «Սասնա ծռերի» տղաների պարագայում բոլորովին հակառակն է: Նրանք ցուցաբերում են ընդգծված պարկեշտ վարքագիծ, մարդասիրություն, հարգալից վերաբերմունք պատանդների նկատմամբ, որոնք մի քանի օր անց անվնաս հանձնվել են իշխանություններին: Իսկ ոստիկանների կողմից կիրառվող չհիմնավորված բռնությունների ու դաժանությունների ֆոնին նրանք նաև այդ առումով ակնհայտորեն վայելում են քաղաքացիների համակրանքը:
  5. Նաիրի Հունանյանը դաժանաբար գնդակահարել է երկրի քաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ երկրի վիճակի համար անուղղակի պատասխանատվություն կրող անմեղ մարդկանց: Նրանք թիրախավորել են խորհրդարանը՝ պետական կառավարման մարմին, որը, համեմատած մյուս ընտրությունների հետ, ձևավորվել է 1999 թ․՝ ժողովրդի կամքը լավագույնս արտահայտող խորհրդարանական ընտրությունների միջոցով: Իսկ «Սասնա ծռերը» թիրախավորել են հանրային զրոյական լեգիտիմություն ունեցող, տարիներ շարունակ ժողովրդի գլխին իշխանությունների մահակի ֆունկցիա իրականացնող և իշխանությունը բռնությամբ պահելու գործիք հանդիսացող ոստիկանությանը:
  6. Նաիրի Հունանյանն այդպես էլ չկարողացավ հստակ պահանջ ձևակերպել: Իրեն ու իր փոքրաթիվ խմբին նա ակնհայտորեն տեսնում էր փրկչի դերում և ապագա իշխանութան մեջ: Նաիրիի ասելիքը սահմանափակվում էր արդեն սպանված մարդկանց հանդեպ ատելության կոչերով ու հայհոյանքներով: «Սասնա ծռերի» պահանջը շատ հստակ է և իրագործելի՝ ազատ արձակել կասկածելի պայմաններում ու մեղադրանքներով ձերբակալված Արցախի հերոսին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ընդ որում «Սասնա ծռերի» տղաներն իրենց ոչ փրկչի դերում, ոչ էլ ապագա իշխանության մեջ չեն տեսնում:
  7. Նաիրիի և հիմնականում իր ազգականներից բաղկացած փոքրաթիվ խմբի անդամների կենսագրությունները մեղմ ասած հերոսական անցյալով աչքի չէին ընկնում: Նաիրիի մասնակցությունը 88-ի նստացույցերին ղարաբաղյան պատերազմի մասնակցության հետ նույնականացնելն անընդունելի է: Անշո՛ւշտ, պատերազմին մասնակցությունը չի արդարացնում խաղաղ պայմաններում զենքի կիրառումը, սակայն «Սասնա ծռերի» տղաները կամ նրանց մի մասը՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, հանրության աչքում դրա լեգիտիմ իրավունքն ունեն ավելի շատ, քան Նաիրին և ոչ պակաս, քան այսօր մինչև ատամները զինված, իշխանության կերակրատաշտին մոտ գտնվող գեներալները:
  8. Սերժ Սարգսյանն իշխանական էշելոնում հայտնվել է որպես պատերազմի մասնակից: Նա բռնազավթել է իշխանությունը, երկիրը կանգնեցրել է տնտեսական կոլապսի առաջ, արտաքին քաղաքականությունը կրախի է մատնված՝ գումարած 800 հեկտար կորցրած տարածքները: Որպես զինակից ընկեր՝ Պավլիկ Մանուկյանը հասարակության աչքում բարոյական իրավունք ունի պահանջելու իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ թե հասարակության աչքում ի՞նչ բարոյական իրավունք ուներ Նաիրին՝ կրակելու պատերազմի հերոս և համեմատաբար լեգիտիմ ընտրությունների արդյունքում իրական կոալիցիոն կառավարությունը ձևավորած Վազգեն Սարգսյանի վրա, թող պատասխանեն նրանք, ովքեր զուգահեռներ են անցկացնում Նաիրիի ու Պավլիկի միջև:
  9. 1999 թ. Հայաստանը պատերազմում նոր հաղթանակած, դեռևս տնտեսական ու ռազմական առումով Ադրբեջանի հետ նույն քաշային կատեգորիայում գտնվող երկիր էր, կանգնած չէր պետականության գոյությանը սպառնացող ու տարածքներ կորցնելու օրհասական խնդիրների առաջ:
  10. Ի վերջո, «Սասնա ծռերի» իրականացրած գործողությունը, ի տարբերություն Նաիրի Հունանյանի բանդայի, ահաբեկչություն չէ, քանզի անգամ գործող իշխանությունը մինչ այս պահը, բացառությամբ ԱԱԾ-ի կողմից կատարված երկու անհաջող փորձի, այն ահաբեկչություն չի որակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, որի հրաժարականը պահանջում են «Սասնա ծռերը»:

Մեր ժողովուրդը թացը չորից հստակ տարբերում է, ու Նաիրիին չէր աջակցում հենց գիտակցաբար, ոչ թե այն բանի համար, որ Ֆեսյբուք չկար, ու մարդկանց ուղեղները հնարավոր չէր լվանալ:

Նաիրին հանրային աջակցություն չստացավ, քանի որ նրա իրականացրած ահաբեկչությունը բոլորիս աչքում կարող էր հետապնդել ամենատարբեր հետին նպատակներ: Մինչ օրս հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված դավադրության տեսությունները չեն դադարում:

Այսօր Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների ու օրհասական խնդիրների առաջ՝ հիմնականում մեկ մարդու պատճառով, նաև նրանց պատճառով, ովքեր մի քանի կոպեկի համար գլխիկոր աջակցել են այդ մարդուն: Մարդու, որի իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի ընտրությունները վերածվեն ժողովրդի կամարտահայտության գերեզմանոցի՝ շատերի համար կամքի արտահայտության միակ ձև թողնելով ինքնաձիգը: Ի դեպ, այդ մասին նախքան հուլիսի 17-ը բազմաթիվ անգամներ հրապարակայնորեն խոսել են շատերը, այդ թվում՝ «Սասնա ծռերի» անդամները:

Մեկնաբանել