Սերժ Սարգսյան. Պտուտակը

Լեւոն Բարսեղյանի ձերբակալությունից ես չզարմացա: Սառը զենքի պահելու մասին մեղադրանքն էլ չզարմացրեց: Ո՞վ է ընդհանրապես ուրիշ բան սպասում իշխանություններից: Ուրիշ բան սպասելու համար ուրիշ առաջնահերթություններ պետք է ունենա պետությունը: Իսկ պետության դռները փակ են: Ավելի ճիշտ, զմռսված:

Պետությունն այսօր միջազգային առումով սառեցված վիճակում է: Ինքը թեմա է բոլորի համար, բայց ոչ՝ իր: Սա Սերժ Սարգսյանի շանսն է: Այստեղ նրա հանդեպ ատելությունն ու համակրանքը եղանակ ստեղծող չեն: Ամբողջ իշխանությունը կարող է բացահայտ ատել եւ հրապարակավ ցանկանալ Սերժ Սարգսյանի մահը: Բայց նա ոչինչ անել չի կարող, ու դա հասկանալի է: Որպես ներքին միավոր Հայաստանը գոյություն չունի: Չեն կարող միաժամանակ զարգացումներ տեղի ունենալ Ղարաբաղի շուրջ, որը բոլորի կոկորդին է, եւ աջակցել ներքին խժդժություններին: Այսօր այդ օրը չէ: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհի համար այս պետության ներսում ոչինչ չի կատարվում, բայց ինքնին այս երկիրը հետաքրքիր է: Դա նշանակում է, որ թեման Ղարաբաղն է, իսկ Լեւոն Բարսեղյանը կսպասի: Այսինքն, քաղաքացին եւ պետությունը դրված են մի կողմ, առաջին պլանում տարածաշրջանն է: Ահա ինչու կարելի է ձերբակալել, ասենք, Հովիկ Աբրահամյանին կամ Սեյրան Օհանյանին կամ կարելի է չձերբակալել: Մի՛ զարմացեք Լեւոն Բարսեղյանի ձերբակալությունից: Վաղը ձեզնից յուրաքանչյուրը կարող է լինել նրա փոխարեն, նույնիսկ, ասենք, Սուրեն Խաչատրյանն ու Տիգրան Մանսուրյանը: Այս ձերբակալությունները ոչինչ չեն նշանակում: Հավատացեք: Եվ խնդիրն այն չէ, որ աշխարհը Սերժ Սարգսյանին ինչ-որ լուծումներ է պարտադրում, եւ նա անձամբ պետք է գնա ցավոտ եւ միակողմանի զիջումների: Խնդիրն այն է, որ քանի Ղարաբաղի հարցն ակտիվացել է, քանի դա արդեն մտասեւեռում է բանակցային բոլոր կողմերի համար, նույնիսկ Սերժ Սարգսյանը որպես անհատ գոյություն չունի: Նա լուծման մեխանիզմի մի պտուտակն է: Եվ ստացվել է այնպես, որ իր ամբողջ չարությամբ հանդերձ, Սերժ Սարգսյանն այսօր չի ընկալվում որպես մարդ, որը ղեկավարում է Հայաստանը: Նա պարզապես ներկայացնում է Հայաստանը, որի ներսում եղած խնդիրները նույնիսկ իր գործը չեն:

Ստացվել է այնպես, որ իր ամբողջ չարությամբ հանդերձ, Սերժ Սարգսյանն այսօր չի ընկալվում որպես մարդ, որը ղեկավարում է Հայաստանը:

Պտուտակն այսօր ավելին է, քան՝ նախագահը: Որովհետեւ նախագահին կարելի է գահընկեց անել, ձերբակալել, իսկ պտուտակն արդեն մեխանիզմի մեջ է, ոչ ոք քեզ թույլ չի տա նրան հեռացնել այն մեխանիզմից, որը մտահղացել եւ ստեղծել է աշխարհը, ոչ թե՝ Տիգրան Մուկուչյանը: Հետեւաբար, ես ներողություն եմ խնդրում «Սասնա ծռերի» բոլոր համակիրներից, նրանք դատապարտված են: Ավելին, այստեղ ոչ ոք չի կարող փոխարինել այդ պտուտակը, որքան էլ խնամված եւ առավել նանոտեխնոլոգիական լինի: Աշխարհը Սերժ Սարգսյանին մշակել է այս օրվա համար: Այս օրվա համար էր աշխարհը ճանաչում նախագահի ամբողջ երկու կեղծված ընտրություն, խորհրդարանի մեկ ընտրություն եւ Սահմանադրական փոփոխությունների աննախադեպ կեղծիքներով հանրաքվե: Էս պտուտակի արդյունավետության համար աշխարհը իր քաղաքակրթական բառապաշարից հեռացրել է քաղբանտարկյալ եւ նույնիսկ ՀՀ քաղաքացի տերմինները: Ըստ իս, մենք պետք է համբերենք: Այլապես, ամբողջ իշխանությունը գիտի, որ նա, ով առաջինը իր աթոռից հեռացրեց Սերժ Սարգսյանին, նույն օրը կդառնա Հայաստանի հերոս: Բայց ցավն այն է, որ Հայաստանը «չկա»: Որպեսզի կրկին լինի Հայաստանը, պետք է սպասենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Մենք սեւ ժամանակներ ենք ապրում, ավելի՝ սեւ, քան նույնիսկ մարտի 1-ը: Դա կարող է ողբերգական լինել, դա կարող է լինել ծիծաղելի: Բայց դա պետք է ընկալվի: Մեր ընտրությունը ներքաղաքական Հայաստանի այսօրվա մարտահրավերները չեն: Մեզ փակել են այս Հայաստանի մեջ եւ առժամանակ դուրս դրել ներքաղաքական կյանք ունենալու իրավունքից:

Ամբողջ իշխանությունը գիտի, որ նա, ով առաջինը իր աթոռից հեռացրեց Սերժ Սարգսյանին, նույն օրը կդառնա Հայաստանի հերոս:

Եթե նկատում եք, ՀՀԿ-ն էլ չկա: Եվ սա ամռան շոգ օրերի մեղեդի չէ: ՀՀԿ-ն նույնպես ներքաղաքական գործընթացների տարր է եւ Ղարաբաղի հարցի լուծման մեջ դեր չունի: Հայաստանից առժամանակ «դուրս են բերվել» բոլոր քաղաքական տեսլականներն ու կոշմարները, որոնք բնորոշ են նույնիսկ Զիմբաբվեի նման պետությանը: Այսօր Հայաստանը սեւ խոռոչ է, որը կլանելու ոչինչ չունի: Այս Հայաստանը չունի Թուրքիա հարեւան, Իրան հարեւան, Վրաստան հարեւան, Ադրբեջան հարեւան, սակայն այս չորս երկրներից յուրաքանչյուրն ունի Հայաստան հարեւան, որն արդեն «կատարել» է իր աշխարհաքաղաքական ընտրությունը Ղարաբաղի հարցում: Ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք միջազգային չափանիշներով չի ապրում այս հողի վրա, այսինքն, մեր գոյության մասին ընկալումը չկա, մենք ասես սառեցված մեռել լինենք, որին հարություն տալու համար միայն մի դեղամիջոց է պակասում: Ղարաբաղն այդ դեղամիջոցն է: Եվ Սերժ Սարգսյանը այդ դեղամիջոցի հետ մեր կապն է: Սա կարող է ճիշտ չհասկացվել, սա կարող է ավելի հիասթափեցնել արտագաղթից հինգ պակաս մարդկանց, բայց սա փաստ է: Ձերբակալությունների այս ազատությունը, որ այսօր առկա է Հայաստանում, հենց դրա մասին է, որ աշխարհը օրինաչափորեն խուլ է այս ամենի հանդեպ: Միակ բանը, որ ի վիճակի է անել Հայաստանի քաղաքացին, դա ի գիտություն ընդունելն է: Միայն դրանից հետո նա կարող է դառնալ խաղաքարտ ու չխանգարել պտուտակին ոչ միայն անելու իր գործը, այլեւ հեռանալ այնպես, որ իր բացակայությամբ չխանգարի Ղարաբաղի հարցի լուծմանը: ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ Սերժ Սարգսյանն արդեն իր ատելությունից էլ անց է, այսինքն, նրա հանդեպ անձնական վերաբերմունքը եղանակ ստեղծող չէ, ՀՀ քաղաքացին պետք է մտնի քաղաքական կյանք, եթե ուզում է աշխարհին հիշեցնել, որ զմռսված Հայաստանում միանգամայն առողջ եւ տարածաշրջանային «գրավիտացիայի» համար նշանակություն ունեցող մարդիկ կան:

Մեկնաբանել