Բարեփոխված Գազանը

00547.MTS.Still001 (1)Տեսա՞ք ոստիկաններին։ Ուրեմն դուք ոչինչ չեք տեսել։ Որովհետեւ մարդ ոչնչացնելու այդ կիրքը դուք չունեք։ Ոստիկանությունը «բարեփոխելիս» ինչ-որ մի պահի պետք էր կանգ առնել։ Երեկ մենք «վայելեցինք» այդ կանգ չառնող «բարեփոխումները»։

Փորձեք այս «բարեփոխման» մեջ տեսնել մարտի 1-ի եւ երեկվա տարբերությունը։ Չկա: Քայլ չի արվել։ Որովհետեւ ոչնչացնելու կիրքը չես բարեփոխի։ 10 զոհե՞րը։ Բայց այս դեպքում հրաշքն է «խոսել»։ Որովհետեւ հրաշքը «բարեփոխումների» կողմը չի նայում։ Գոնե հիմա հասկացա՞ք, որ մարտի 1-ին առաջին նախագահը չէր կարող իր տնից դուրս գալ։ Առանց քննարկելու գլուխը կուտեին։ Որովհետեւ ախորժակը չի քննարկվում։ Ախորժակը չես բարեփոխի։ Ախորժակը միշտ բնազդական է։ Որքան էլ կերակուրները «բարեփոխես»։ Լրագրողներն ու երեկվա տուժածների մայրերը դա կհաստատեն։ 16-ամյա Սայաթն այլեւս չի ասի, թե ինչ է մտածում իր աչքը հանելու մասին։ Նա կորցրեց «ականատեսի» զենքը։ Որովհետեւ աչքդ չես բարեփոխի։ Նա կորցրեց բառերը, որոնք առանձնապես այս դեպքերի համար էլ չէին։ Որովհետեւ բառերը չես բարեփոխի ոստիկանությանը զուգահեռ։

Լեւոն Երանոսյանը մարդակեր է։ Հաստատ մանկություն չի ունեցել։ Չի երեւում, որ մայրն իրենից հետո ժպիտ է թողել այդ մարդու դեմքին։ Չի երեւում, որ հայոց լեզվի ուսուցչուհին նրա հետ խոսել է բառերի արժեքից։ «Դավայ»,-ասում էր այդ մարդը հարձակման հրաման տալիս։ Սերժ Սարգսյանն ստեղծել է ցանկացած «մարտահրավերի» աչքերի մեջ նայող ոստիկանություն։ Նա ստեղծել է այնպիսի ոստիկանություն, որ կամ ինքը պետք է աչք ունենա, կամ՝ 16-ամյա Սայաթը։ Մենք վաղը նույնպես այդ ոստիկանության հետ պետք է ապրենք կողք-կողքի։ Վաղն այդ ոստիկանությունը պետք է «վերահսկի» ընտրությունների օրինականությունը։ Նախկինում էլ էր «վերահսկել»։ Ու մենք տեսել ենք այդ բոլոր ընտրությունների արդյունքները եւ հետընտրական զարգացումները։ Այս անգամ նրանք ավելի գազա՞ն էին։ Որովհետեւ զենք չկիրառեցի՞ն։ Այլ միայն անձնական օգտագործման կրքերո՞վ մտան ասպարեզ։ Գուցե։ Գուցե այդ մարդիկ իրենց էությամբ եւ բարեփոխմամբ են գազան։ Գուցե չարն իր «երեւակայությունն» ունի։ Թեպետ, ըստ իս, չարը չի «աճում», քանի որ զոհերի նրա դիապազոնը միշտ մեծ է, ինքը կարիք չունի նոր մոտեցումների։ Բայց այստեղ էլ չես հասկանա, թե ինչ նկատի ունեին միջազգային կազմակերպությունները, երբ «բարեփոխում» էին նրանց։

Չմտածեք, թե մենք երեկվանից արթնացանք նոր Հայաստանում։ Այս մարդիկ Հայաստանի արգելակն են։ Իշխանությունը հենց նոր Հայաստանի արգելակներն է խնամում ոստիկանության դեմքով։ Ցույց տալով, որ քառօրյա պատերազմում զինվորի հաղթանակը նաեւ ի հեճուկս իրեն էր։ Գուցե դա է կատաղեցրել Սերժ Սարգսյանին։ Այլապես ինչու՞ քեզ չզգաս այդպիսի զինվոր եւ քաղաքացի ունեցող պետության ղեկավար։ Այսպիսի բաները չեն բացատրվում։ Այսպիսի բաները Վլադիմիր Գասպարյանի ուսերին չես թողնի։ Որովհետեւ այս անգամ նա չխաղաց։ Նա հո գիտի՞, որ այլեւս թատերաբեմ չկա։ Նա հո գիտի՞, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը կա, քաղաքացին էլ է պատանդ, ոստիկանապետն էլ, իր գազանն էլ։ Նա հո գիտի՞, որ այս իրավիճակը պետք է «մտներ» Ազգային Ժողով, որպեսզի իր գազանները վերջինը լինեին այս արդեն անմարդկայնորեն «քաղաքականացված» պատմության մեջ։ Այս իրավիճակից ելք չկա, ընկերներ։ Որովհետեւ, ասված է արդեն, Հայաստանի դռները դրսից են փակվել։ Ներսում յուրաքանչյուրն ազատ է գազան, «Սասնա ծուռ» կամ քաղաքացի լինել։ Սա դրսի թեման չէ։

Աշխարհում բնակչության թվով բաժին հասնող ոստիկանների քանակով առաջին տեղում ենք։ Սա է մեզ առաջարկված «բարեփոխման» միակ բովանդակությունը։ Որովհետեւ քրեականները միշտ են եղել ոստիկանության ձեռքի գործիք ընդդեմ ժողովրդի։ Որովհետեւ ոչ միայն ոստիկանության, այլեւ ամբողջ իշխանության միակ բարեփոխված զգացումը վախն է։ Ու հիմա նրանք էս վախի աչքերի մեջ բազմիցս նայած քաղաքացուն են ուզում «բարեփոխել» վախով»։ Ալլա Մանասյանն իր ամուսնու գտնվելու վայրից երեկ գիշերվանից գաղափար չունի։ Հաղորդագրություն է թողել նրան։ Ու գիտե՞ք ինչ է տեղի ունեցել։ Անջատել են նրա եւ ամուսնու հեռախոսները։ Նույնիսկ կոդերն են խառնել։ Սրա համար ոչ ոք պատասխան չի տալու։ Որովհետեւ սա բարեփոխում է, դուք նախկինում լսե՞լ էիք այսպիսի բաների մասին։ Ոչ։ Որովհետեւ «ամուսինը պիտի խելքի գա»։ «Ջհանդամը,-ասում է Ալլան,-մենակ Լեւոնին չծեծեն»։ Դա ի՞նչ բարեփոխում է, եթե քաղաքացին այսօր ոստիկանի մասին գիտի այն, ինչ գիտեր դեռեւս խորհրդային ժամանակներից։

Մեկնաբանել