Ռոբերտ Անանյան. Ա1+-ի լրագրող: Լուսանկարը` Ֆոտոլուրի
Դե սա արդեն չափազանց էր՝ լրագրողին կոչ անել մոռանալ իր հանդեպ ոստիկանության գազանությունները։ Առանց հիշողության լրագրողը նույնն է, ինչ առանց գիտելիքի դիմորդը, ինչ առանց քվեի նախագահը, ինչ photoshop-ով սպանությունը։
Ինչպե՞ս կարելի է մարդուն խորհուրդ տալ մոռանալ իր հանդեպ գազանությունները, այ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի հեղինակներ։ Մոռանալու մասին կարող է խորհուրդ տալ նա, ում ընտրել ես, որ քեզ հիշի։ Այսինքն՝ ում հիշողությունը կառավարման անհրաժեշտ դրվագ է: Ում հիշողությունը նաեւ լրագրողն է: Դուք կոչ եք անում մոռանալ, որովհետեւ ձեզ պետք եկող լրագրողների հիշողությունը ձեզնից է սկսվում: Մինչդեռ լրագրողը հիշողությունների բազա է նույնիսկ այն դեպքերում, որոնց անձամբ չի մասնակցել։ Որոնցում դուք չկաք: Որովհետեւ չէր խանգարի հիշել նաեւ այն, ինչն անձամբ մեր հետ չի պատահել: Ոնց թե մոռացեք։ Բա,-տատուդ ականջը կանչի,-ինչի՞ համար ենք հավաքվել։ Թուրքերն էին մեզ ասում՝ մոռացեք ցեղասպանությունը։ Սա պետությու՞ն է, թե հիպնոսի սեանս։ Աչքը կորցրած 16-ամյա Սայաթի ինչի՞ն է պետք հիշողությունը, եթե լրագրողը պիտի մոռանա։ Լրագրողը հիշողության ինստիտուտ է, որի պաշտոնական հովանավորը պետությունն է։ Այդ ինստիտուտի անխափան աշխատանքի համար օրենքներ կան: Օրենքներ չունեցող երկրում «մոռացումն» ինստիտուցիոնալ է, իսկ հիշողությունը՝ հետապնդվող: Ուրեմն, մենք ոչ մի տարբերակ չունե՞նք պետություն լինելու: Էլի վայելեք ձեր փողը, քանի դեռ փողոց դուրս եկող չկա, էլի ջարդեք լրագրողներին, քանի դեռ քրեական գործեր չեք հարուցելու, էլի ոստիկաններ սպանեք հորինված դիպուկահարի AKC-ով: Բայց հիպնոսը թարգե՛ք:
Վրե՞ժն է ձեզ վախեցնում մեր մասնագիտության մեջ: Վրեժը, այո՛, վատ խորհրդատու է, եթե կան պատասխանատվության ինստիտուտներ: Դուք կենդանի գլխավոր դատախազի ներկայությամբ չեք խոսում քրեական գործեր հարուցելու մասին, ասում եք՝ մոռացեք: Մոռանալու համար ցատկահարթակ է պետք: Մոռանալը հանգիստ խիղճ է ենթադրում: Այսինքն՝ լրագրողների նախորդ ջարդերից հետո բանտերը լցված ջարդարարներ, ոստիկանապետերի եւ նույնիսկ ձեր հրաժարականներ: Ոչ մի հետեւություն նախորդ ջարդերից, ի՞նչը մոռանան: Թե՞ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկուցագրերն էին «պայթում» դատարկ էջերից եւ ձեր աջակցության կարիքը կար: Լեւոն Բարսեղյանին վրեժի զգացումից մղված չպահեցի՞ք բանտում: Եթե մենք հիշողություն չունենայինք, կփտեր այնտեղ: Մարտի 1-ը ձեր վրեժը չէ՞ հանդեպ նրանց, ովքեր 10 օր չէին մոռանում, թե ինչպես կեղծեցիք իրենց քվեն: Հայկ Կյուրեղյանը ձեր վրեժն է: Մեր բանտերը լցված են ձեր «հիշողությամբ», ի՞նչը մոռանան լրագրողները: Էդ մարդիկ իրենց հետ կատարվածի մասին դեռ ցուցմունք պետք է տան քննչական մարմիններում, ո՞նց թե մոռացեք: Մենք այլեւս պետություն չե՞նք: Այդ մասին պաշտոնական հայտարարություն կա՞: Ես էլ եմ «շնորհակալ» ոստիկանների «պրոֆեսիոնալ» աշխատանքից, Հայաստանում ընդգծված անհարազատության այդ ամենախիտ ամբոխից, որի անմեղսունակության պաշտոնական հովանավորը ձեր աթոռը պահպանելու ծարավն է: Ոչինչ չկա ասելու: Մոռանալ, այսինքն՝ չապավինե՞լ, որ մասնագիտական պարտքն այլեւս դագանակի եւ զենքի տակ չի ընկնելու:
Այս Հայաստանն առանձնապես չի փայլում այնպիսի հիշողություններով, որոնք կարող են մոռացնել տալ արտագաղթը, կեղծված ընտրությունները եւ ոստիկանության գազանությունները: Այս Հայաստանը մի արցախյան ազատամարտ ունի ու մեկ էլ փողոց դուրս եկող քաղաքացին: Այս Հայաստանի բոլոր մյուս նվաճումները շաղախված են ձեր ապօրինություններով՝ սպանություններ, ստվեր, օլիգարխիա, կոռուպցիա, Հանրապետականների ամենօրյա բենեֆիս բոլոր եթերներով: Իսկ գուցե երեխաները մոռանա՞ն դպրոցի ճամփան, գուցե մայրերը մոռանա՞ն, որ հանիրավի մեղադրանքներով որդիներ ունեն բանտերում, գուցե մարդիկ մոռանա՞ն, որ ընդունակ են սիրո: Ընկե՛ր, մոռանալու այնքան բան կա: Գուցե մոռանա՞նք, որ էս աշխարհում Հիսուս Քրիստոս ու Վիլյամ Շեքսպիր է ապրել: Ցիցերոնի մասին լսած կա՞ք: Գիտե՞ք ինչ է ասել՝ ով տառապել է, երբեք չի մոռանա: Սա ի՞նչ կրկես է: 23 տարի տառապում ենք հատկապես ձեր, եթե չասեմ, որ միայն ձեր պատճառով: Ի՞նչը մոռանանք: Եթե այդ մոռացումը շղթա դարձնենք, պիտի մոռանանք, որ այս պետության համար մարդիկ կյանք են զոհել: Իսկ գիտակցված մահը, գուցե բանասիրական ֆակուլտետում երեկոյան կարգով ուսանելու տարիներին ձեզ ասած լինեն, լարախաղացուցություն չէ: Բերտոլդ Բրեխտն էլ մի բան ունի ասած, որքան էլ տարօրինակ է, փոքր ինչ ձեր օգտին՝ թույլ հիշողությունն ուժեղացնում է մեզ: Էդ ջարդերը լրագրողների փորձությունն են, առաջին քրիստոնյա պետության զավակ: Բայց եթե դուք չլինեիք, մենք գուցե վաղուց թերթած լինեինք առաջին քրիստոնյան լինելու քարանձավային մեծամտությունն ու զբաղվեինք մեր գործերով: Իսկ դուք ասում եք՝ եկե՛ք սկսենք զրոյից: Իսկ չե՞ք մտածել այն մասին, որ նախ Գասպարյան Վլադիմիրը պետք է մոռանա մարդկանց ջարդելը: Ինչ-որ մեկը ձեզ ասե՞լ է, որ ժամանակը չափվում է հիշողությամբ: Չեն ասե՞լ: Ուրեմն, սկզբի համար մոռացեք, որ կրթություն եք ստացել ԵՊՀ-ում եւ սկսեք զրոյից: Ծայրահեղ դեպքում գտեք էն մարդուն, ով ձեզ սովորեցրել է պետությունը խառնել պսեւդոքրիստոնեության հետ: Ըստ իս՝ ինքներդ էլ կիմանաք ինչպես վարվել նրա հետ: Իսկ լրագրողներին հանգիստ թողեք: Գլխներիս ամնեզիայի թերապեւտ չեք:
Այդ լրագրողները ծնողներ ունեն, որոնց դու չես մխիթարելու քո կոչով: Թե՞ ուզում եք ասել, որ սպանված չլինելու հակառակը մոռանալն է: