Լրագրողները չպետք է դառնան ոստիկանների կամ խուժանի թիրախ․ Միյատովիչ

120253ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, որում անդրադարձել է Հայաստանում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին։

ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ շեշտվում է, որ Միյատովիչն ակնկալում է հաստատում առ այն, որ Հայաստանում քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ լրագրողները պաշտպանված կլինեն: «Կառավարությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար և առաջարկելու քայլեր, որոնք պետք է ներկայացվեն իշխանությունների կողմից որպես երաշխիք, որ լրագրողները ոստիկանների կամ խուժանի թիրախ չեն դառնա: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և մեդիայի ներկայացուցիչներին»,- ընդգծել է Միյատվիչը:

Իր նամակում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչն արձանագրել է, որ երևանյան վերջին իրադարձությունների արդյունքում տուժել են լրագրողներ և օպերատորներ Աղվան Ասոյանը, Ալբերտ Գալստյանը, Մարիամ Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանը, Կառլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը, Գարիկ Հարությունյանը, Ռոբերտ Անանյանը, Տիգրան Բադալյանը, Մարութ Վանյանը, Սարգիս Խարազյանը, Մկրտիչ Կարապետյանը, Հովիկ Գրիգորյանը, Տիգրան Գասպարյանը:

Միյատովիչը նամակում նաև նշել է հուլիսի 21-ի բախումների ժամանակ տուժած լրագրողների` Գևորգ Թոսունյանի, Արտակ Համբարձումյանի, Արթուր Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի անունները:

«Ըստ որոշ հրապարակումների՝ հուլիսի 29-ին լրատվամիջոցները լուսաբանել են Սարի թաղում ցուցարարներին ցրելը և այլ իրադարձությունների, որոնց ընթացքում ենթարկվել են հարձակման, ծեծվել են, ինչպես նաև վնասվել է տեխնիկան: Որո դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ»,- շեշտել է Դունյա Միյատովիչը:

Մեկնաբանել