3 օգոստոս, 2016 15:08

Սերժ Սարգսյանը որևէ hետևություն չի արել «Սասնա ծռերի» գործողությունից

serzh2016թ-ի հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբավորումը որոշեց հանձնվել իրավապահ մարմիներին: Նրանք հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակելու են որպես ռազմագերի:

Դրան հետևեց Սերժ Սարգսյանի հանդիպումը իր կլանի հետ, որտեղ նա կարճ ելույթով հանդես եկավ երկրում ստեղծված իրավիճակի մասին: Ելույթում Սարգսյանը հիմնականում շնորհակալություն էր հայտնում յուրայիներին ու իրավապահ կառույցների աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար:

Ի դեպ, Սարգսյանը դեռ հուլիսի 22-ին իրավապահ մարմիների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ այդ պահին պատճառներին չի անրադառնա, ու նաև ավելացրել, որ բոլորը պետք  այդ իրադարձություններից դասեր քաղեն: Սակայն օգոստոսի 1-ի ելույթից հստակ երևում է, որ Սարգսյանը որևէ հետևություն չի արել: Նա նաև այսքանից հետո չի խոսել պատճառների մասին:

Բոլորի համար ակնայտ է, որ տարիների ընթացքում ընտրությունների կեղծումը, քաղաքական ուժերի հանդեպ բռնաճնշումների, խաղաղ միջոցներով փոփոխությունների սահմանափակումը հանգեցրել են «Սասնա ծռերի» գործողությանը, որի մասին Սարգսյանը չի ուզում խոսել:

Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար յուրաքանչյուր ոք պետք է միայն օրենքի շրջանակներում պատասխան տա, իսկ Հայաստանում ծավալվող գործընթացները լինելու են Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Միայն Անդրիաս Ղուկասյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի ու Դավիթ Սանասարյանի երկու ամսով կալանավորումը, ինչպես նաև ցույցերի մասնակիցների հանդեպ հարուցված գործերը գալիս են ապացուցելու, որ այդ ելույթը որևիցե կապ չունի իրականության հետ: Սարգսյանը, ինչպես միշտ, սուտ է խոսում:

Սարգսյանը ներողություն է խնդրել լրագրողներից նրանց հանդեպ կիրառված բռնությունների համար և օրենքով բռնություն կիրառողներին պատժելու փոխարեն առաջարկել է մոռանալ բռնությունների մասին: Երբ հարցը վերաբերում է ցույցերի մասնակիցներին, Սարգսյանը կիրառում իր ձեռքի տակ գտնվող իշխանական մեքենան՝ քաղաքացիներին պատժելու համար, իսկ երբ հարցը առնչվում է լրագրողների հանդեպ բռնություններին նա առաջարկում է մոռանալ դրա մասին:

Ինչպես միշտ Սարգսյանը նաև խոսել է, որ պետք է արագացնել դրական փոփոխությունները: Նա վերջին շրջանի իր գրեթե բոլոր ելույթներում խոսում է այդ փոփոխությունների մասին, սակայն այդպես էլ որևիցե լուրջ քայլ չի ձեռնարկում փոփոխությունների համար: Նույնիսկ ապրիլյան ծանր պատերազմից հետո մի քանի կոսմետիկ փոփոխություններ է արել, որոնք որևիցե լուրջ ազդեցություն չեն ունեցել: Այս անգամ ևս նա ընտրել է այդ տարբերակը:

Սարգսյանն իր կառավարման տարիներին այդպես էլ բարեփոխումներ չի իրականացրել, որովհետև բարեփոխումները նշանակում են, որ նա պետք է պատրաստվի հեռանալ իշխանությունից: Իսկ նա նույնիսկ սահմանադրություն է փոխել, որպեսզի մնա իշխանությանը:

Այդ իսկ պատճառով նա իր կլանին է շնորհակալություն հայտնել, որոնց միջոցով էլ փորձելու է կեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Նա հայտարարել է, որ շուտով ազգային միասնության կառավարություն պետք է  ձևավորվի: Միանշանակ է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ընդունում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին։ Նոր ազատ և թափանցիկ ընտրություններում ՀՀԿ-ն նույնիսկ 5 տոկոսը չի կարող հաղթահարել, իսկ դա նշանակում է, որ ազգային միասնության կառավարությունը պետք է լինի առանց Սերժ Սարգսյանի, իսկ նա նման ծրագրեր չունի: Նրա ծրագրերն այլ են` ցանկանում է բռնությունները շարունակելով իշխել Հայաստանում:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: