4 օգոստոս, 2016 16:40

Ջրբաժանի օրը. 1990-ի օգոստոսի 4-ին կոմունիստական Հայաստանը դարձավ ՀՀՇ-ական

Vmanukian_TOP Լուսանկարում՝ Բաբկեն Արարքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին

1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ:

Այսպիսով, 70 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Հայկոմկուսը պարտություն կրեց սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով: Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը:

Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը` 110 ձայն: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը` 124:

Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ` Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը: Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը` 81, Տեր-Պետրոսյանը` 123:

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը` 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում` փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները:

Նույն օրը Ազատության հրապարակում կազմակերպվեց համաժողովրդական տոնախմբություն, ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանը:

Օգոստոսի 5-ին նա այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր հարգանքի տուրքը մատուցելու և ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Վազգեն Առաջինը շնորհավորեց Տեր-Պետրոսյանին: Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքի մեջ ասվում էր. «Սուրբ Էջմիածնից հղում ենք մեր աղոթքը և մեր օրհնությունը վերածնվող մեր հայրենի հարազատ պետության, անձամբ Ձեզ և Ձեր բոլոր ազնիվ գործակիցներին: Ողջ լերուք զորացյալ սուրբ հոգվով, զի Աստված ընդ մեզ է, ամեն»:

Օգոստոսի 6-ին փակ, գաղտնի քվեարկությամբ Բաբկեն Արարքցյանը ընտրվեց խորհրդարանի նախագահի առաջին, իսկ կոմունիստ Գագիկ Հարությունյանը` տեղակալ:

«Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ անդամ Ռաֆայել Ղազարյանը այս հեղինակի հետ զրույցում ասել է.  «ՀՀՇ-ի հաղթանակը կոմկուսի նկատմամբ հեշտ չտրվեց: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանին շատ դժվարությամբ անցկացրինք, միայն չորրորդ անգամից ստացվեց: Սկզբնական շրջանում Լեւոնը հիասթափություն չառաջացրեց, վայելում էր նաև դրսի աջակցությունը: Կարծում եմ, առաջին երկու-երեք տարիները մենք ապրեցինք ամենաժողովրդավարական շրջանը, նաև Գերագույն խորհրդում էր մթնոլորտը ժողովրդավարական: Մթնոլորտն սկսեց պղտորվել 1994թ.»:

Ժիրայր Լիպարիտյանը, ով 1990-ին Գերագույն խորհրդում զբաղվում էր փորձագիտական և լրատվության հարցրով, իր «Պետականության մարտահրավերը. հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր» հատորում գրում է. «Կոմունիստների մեծամասնությունը ձայնը տվեց Մովսիսյանին: Նորեկների մեծ մասը և մի քանի կոմունիստներ, Կոմկուսի Գուգարքի շրջանային կազմակերպության քարտուղար Վիգեն Խաչատրյանի առանցքային մասնակցությամբ, քվեարկեցին Տեր-Պետրոսյանի օգտին: Մովսիսյանը պարտվեց, սակայն ոխ չպահեց, իսկ Տեր-Պետրոսյանը իր հերթին որևէ չարակամություն չունեցավ նրա դեմ: Հետագայում Մովսիսյանը գործեց որպես Փախստականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար, գյուղնախարար և մարզպետ: Այլ կոմունիստներ նույնպես պաշտոններ ստանձնեցին նոր վարչակազմում: Օրինակ, ԿԿ Կենտրոնական կոմիտեի տնտեսական հարցերի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանն ընտրվեց Գերագույն խորհրդի փոխնախագահ, իսկ այնուհետև, Տեր-Պետրոսյանի ցուցակով` հանրապետության փոխնախագահ, ապա, 1995թ. Սահմանադրական դատարանի հիմնադրումից հետո, նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ»:

1990-ի օգոստոսի 13-ին ՀՀՇ առաջնորդներից Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ: Թեև շատ կոմունիստներ՝ դառնալով ՀՀՇ-ական, մնացին իշխանության մեջ, սակայն կոմունիստական իշխանությունը՝ 70-ամյա մենատիրությունից հետո հեռացավ, հետագայում պարզվեց՝ ընդմիշտ, հայ քաղաքական կյանքի թատերաբեմից:

 

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: