4 օգոստոս, 2016 12:19

Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն․ Փաշինյան

nikol-pashinyanՍերժ Սարգսյանը, խոսելով համազգային վստահության կառավարության մասին, խոսում էր Սահմանադրական փոփոխությունների արդյունքում բերված հնարավորությունների մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին։

«Իմ տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք դետեմբերին Սահմանադրությունը փոխել ենք, դրա արդյունքում կունենանք վստահության կառավարություն»,- նշել է Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Սարգսյանն իրեն հատուկ ոճով ելույթով փորձում է որոշակի շփոթ առաջացնել։ «Որոշակի շփոթ առաջացնելու նպատակ ուներ։ Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի ստեղծել նոր կառավարություն, եթե աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական կոնյուկտուրան չփոխվի։ Սա իմ տպավորությունը։ «Համաձայնություն», «վստահություն» տերմիններին կվերաբերվեի նույնպիսի լրջությամբ, ինչ լրջությամբ վերաբերվում եմ նրա հայտարարություններին կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ»,- նշում է Փաշինյանը։

Անդրադառնալով առաջիկա քաղաքական զարգացումներում հնարավոր դաշինքներին՝ Փաշինյանը շեշտեց, որ Քաղաքացիական պայմանագիրն կուսակցությունն այն համոզմանն է, որ նախընտրական կամ իրավիճակային քաղաքական դաշինքները սպառել են իրենց։

«Երբ ուժերը միավորված չեն ասելիքի և անելիքի ընդհանրությամբ, դա բերելու է ձախողման։ Թիմերի առկայությունը, որոնք կապված են սկզբունքներով չափազանց կարևոր է քաղաքական դաշինքներ կազմելու համար»,- ընդգծեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ հետագա որոշակի գործողությունների արդյունքում կարող ենք դառնալ մեկ կուսակցություն։ Փաշինյանն այս եզրակացությանն է հանգել հաշվի առնելով, որ երրորդ հանրապետության քաղաքական պատմության ընթացքում բոլոր դաշինքներն անհաջողության են մատնվել։ Մասնավորապես խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ իրենք ունեն որոշակի անհամաձայնություններ արտաքին քաղաքականության ոլորտում։

«Այս հարցերը չեն որոշվում մեկ հարցազրույցի շրջանակներում։ Մի բան է վազել դաշինքներ կազմել, այլ բան է դրանց համար հետագայում պատասխանատվություն կրել։ Գտնում ենք, որ Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն, ուստի առանց սկզբունքային, գաղափարական ընդհանրության չեմ կարծում, որ կլինի հաջողություն»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։