ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր Գյումրիի դեպքերի հետ կապված

HQCՀատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում ոստիկանների կողմից առերևույթ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Հատուկ քննչական ծառայությունը սկսել է նյութեր նախապատրաստել դեպքերի հետ կապված:

2016թ. հուլիսի 30-ին «www.asparez.am» լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել և վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:

Ընդհարումից հետո ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:

Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը և մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:

Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել