Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխվել է

alex yenigomshyan 2Որոշում է կայացվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին, հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օգոստոսի 8-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի (Ալեք Ենիգոմշյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

«Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ալեք Ենիգոմշյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին Ազատության հրապարակից: Հաջորդ օրը կայացվել էր նրան ձերբակալելու որոշում: Նա կասկածվում է ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Մեկնաբանել