Մեղադրանք ևս 2 ոստիկանի՝ Բաղրամյանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

MHM96956-copy1 Բաղրամյան պողոտան հունիսի 23-ի լուսաբացին, ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրում է ցույցը (Ֆոտոլուր):

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Էլեկտրիկ Երևան» շարժման լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար օգոստոսի 9-ին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ևս երկու ծառայողի, հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից։

Համաձայն ՀՔԾ հաղորդագրության՝ 2015թ․ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին:

«Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ․ հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՔԾ-ից հիշեցնում են, որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ ավելի վաղ, այս գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության երկու սպայի։

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015թ․ հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Մեկնաբանել