Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Հասան Ռոհանին օգոստոսի 8-ի երեկոյան Բաքվում կայացած հանդիպման արդյունքներով ընդունել են հռչակագիր՝ հաստատելով եռակողմ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը։
Համաձայն Կրեմլի հաղորդագրության՝ հռչակագիրը վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, Կասպից ծովի շուրջ փոխգործակցությունը, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում կապերի զարգացումը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը երեք երկրների ղեկավարների եռակողմ առաջին գագաթաժողովն էր։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հանդիպումը եղել է հագեցած, քննարկվել են միջազգային օրակարգի հարցեր և համագործակցության կոնկրետ նախագծեր։ Նման ձևաչափով հաջորդ հանդիպումը, ինչպես առաջարկել է Հասան Ռոհանին, պետք է անցկացվի Իրանում։ Ծրագրվում է, որ դրա նախապատրաստման համար Թեհրանում կհանդիպեն ինչպես երեք երկրների արտաքին գործերի, այնպես էլ տրասնպորտի և էներգետիկայի նախարարները։
Ելույթ ունենալով եռակողմ հանդիպմանը՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երեք երկրները կանգնած են համանման խնդիրների և մարտահրավերների առջև, ինչպիսին է շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Պուտինի խոսքով՝ Ադրբեջանն ու Իրանը Ռուսաստանի համար «բարի հարևաններ և կարևոր գործընկերներ» են։
Նույն օրը՝ ավելի վաղ, Պուտինն առանձին հանդիպումներ էր ունեցել Ռոհանիի և Ալիևի հետ։ Վերջինիս հետ հանդիպմանն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, Ռուսաստանի նախագահն ասել էր․ «Դուք հիշատակեցիք Ղարաբաղի մասին։ Դա իսկապես խնդիր է, որը մեզ բոլորիս հասել է մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ, թե սա որքան սուր հարց է Ադրբեջանի և Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք մի բանի, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի է երկու կողմերի համար էլ, որ այստեղ չլինեն հաղթողներ, որ հաղթող լինեն երկու երկրների ժողովուրդները, որ երկու պետությունները զգան, որ լուծել են այս բարդ խնդիրը՝ ի շահ այսօրվա և ապագա սերունդների»։
Ալիևն իր հերթին ընդգծել էր Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Մենք այդ դերը գնահատում ենք»,- ասել էր նա։