Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին հարաբերությունների ութամսյա սառեցումից հետո

NAM8Fb4bAA0IwXqPAJe8s9L7WicwnXNPԹուրքիայի նախագահի այցը Ռուսաստան խոսում է ռուս-թուրքական հարաբերությունների՝ «շատ ցածր մակարդակի հասնելուց» հետո երկխոսության վերսկսման մասին․ ինչպես տեղեկանում ենք Կրեմլի կայքից, այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկ Պետերբուրգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մեկնարկին։

Երկու պետությունների ղեկավարներն առաջին անգամ են հանդիպում հարաբերությունների ութամսյա սառեցումից հետո, որը հետևանք էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման։

Առաջինը սրահ է մտել Պուտինը, մի քանի րոպե անց՝ Էրդողանը։ Լրագրողների ներկայությամբ երկու երկրների ղեկավարները ողջունել են միմյանց ձեռքսեղմամբ, ապա հանդես եկել կարճ հայտարարություններով։

«Ձեր այսօրվա այցը, չնայած Թուրքիայում ներքաղաքական շատ բարդ իրադրությանը, խոսում է այն մասին, որ մենք բոլորս ցանկանում ենք վերսկսել մեր երկխոսությունը, վերականգնել հարաբերությունները՝ ի շահ Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ առաջիններից է եղել, ով զանգահարել է Էրդողանին և աջակցություն հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես գալիս ոչ սահմանադրական ցանկացած գործողության և հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը՝ Էրդողանի ղեկավարությամբ, կհաղթահարի ճգնաժամը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ մտադիր է իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը, այդ թվում՝ տնտեսական կապերի վերականգնումը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը։

Թուրքիայի նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում շատ խնդիրների լուծման հարցում։ «Տարածաշրջանում մեզնից շատ բան են սպասում քաղաքական տեսանկյունից»,- ասել է նա։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտնին հանդիպման հնարավորության և հեղաշրջման փորձի ժամանակ աջակցության համար՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահի հեռախոսազանգը, խռովության տապալումից անմիջապես հետո, ուրախացրել է և՛ անձամբ իրեն, և՛ ամբողջ թուրք ժողովրդին։

«Թուրք-ռուսական հարաբերությունները դրական հուն են մտել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Սանկ Պետերբուրգ այցի նախաշեմին Էրդողանը հարցազրույց էր տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը, որում Պուտինին անվանել էր իր ընկեր։

«Սա կլինի պատմական այց, նոր սկիզբ։ Ես հավատում եմ՝ իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում։ Մեր երկրները միասին շատ բան ունեն անելու»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

***

Անցյալ նոյեմբերին Սիրիայի երկնքում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսաստանյան ինքնաթիռի խոցումից և ռուս օդաչուի սպանությունից հետո Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան, դադարեցվեց տնտեսական համագործակցությունը: Որպես հարաբերությունները կարգավորելու նախապայման՝ Մոսկվան առաջ էր քաշել միջադեպի համար ներողություն խնդրելն և փոխհատուցում վճարելը, որը, սակայն, Անկարան մինչև վերջերս կտրականապես մերժում էր՝ շեշտելով, որ նման հարց օրակարգում չկա:

Հունիսի 27-ին Էրդողանը նամակ հղեց Պուտինին, որում, այնուամենայնիվ, ներողություն խնդրեց խոցված Սու-24-ի համար՝ հայտնելով ցավակցություն օդաչուի սպանության առնչությամբ, և հայտարարեց, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մեկնաբանել