Կալանավորվել են Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող և խմբով խուլիգանություն կատարող երկու անձինք, հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից։
«2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՔԾ-ից հիշեցնում են, որ օգոստոսի 11-ին Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
«2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: