Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են․ Բակո Սահակյան

bako-sahakyan-e1461481400731Որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով․ ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում։

«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են։ Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»,- ասել է Բակո Սահակյանը։

Նա նշել է, որ «Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին, և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից»:

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները»,- ասել է Սահակյանը։

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին և այդ ուղղությամբ արձանագրած հաջողություններին՝ նա վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի ճանաչումը մոտ ապագայում շարունակվելու է ավելի մեծ հաջողությամբ՝ իր դրական հետևանքներն ունենալով Հարավային Կովկասի կայունության վրա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Մեկնաբանել