16 օգոստոս, 2016 16:41

Երևանում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

11741Օգոստոսի 16-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:

«Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը և ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին: Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Որոշում է կայացվել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը ևս անցկացնել Երևանում ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Ներկայում ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։