16 օգոստոս, 2016 17:59

ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

CBA-nerdrumԿենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 16-ի նիստին 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%:

ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2016թ. հուլիսին արձանագրվել է 2.3% գնանկում՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների նվազմամբ և գազի սակագնի իջեցմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.3%:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից զգալի գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Ըստ ԿԲ գնահատման, ՀՀ տնտեսության վրա Եվրամիությունում ընթացող գործընթացները էական ազդեցություն չեն ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2016թ․ առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ-ում դիտվել է սպասվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվություն՝ մեծամասամբ պայմանավորված առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանելի հատվածի դրական զարգացումներով․ «Միևնույն ժամանակ, ԿԲ կողմից իրականացրած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում շարունակաբար մեղմվել են գնաճային սպասումները, ինչի պարագայում հնարավորինս նվազել են երկարաժամկետ շուկայական տոկոսադրույքները: Վերջինս իրական հիմքեր է ստեղծել 2016թ․ արդյունքներով մասնավոր սպառման և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնման համար»:

ԿԲ խորհուրդը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ տարեվերջին գնանկումը զգալիորեն կդանդաղի: «Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը փոքր-ինչ գերակշռում են, որոնց դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 7.5%, իջեցրել էր 2016թ. հունիսի 28-ին: