16 օգոստոս, 2016 14:28

Հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը

NKR constitutional amendmentsԱյսօր հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին երեկ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հավանություն էր տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն» բաժիններից:

Հայեցակարգի «Կառավարման համակարգը» բաժնում առանձին նշվում են ներկայիս կիսանախագահական համակարգի թերությունները: Մասնավորապես նշվում է, որ «կիսանախագահական համակարգին բնորոշ գործադիր իշխանության երկակիությունն (դուալիզմն) իր արտացոլումն է գտել» նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրու­թյունում, ու թեև ի տարբերություն Հայաստանի Հանրապետության 2005թ. խմբագրու­թյամբ Սահմանադրության՝ ԼՂՀ նախագահն «ավելի ուժեղ դիրք ունի կառ­վարության նկատմամբ, սակայն դա չի երաշխավորում գործադիր իշխանության միաս­նականությունն այնպիսի մի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, և որտեղ կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման և իրագործման օպերատիվությունն առանձնակի կարևորություն են ստանում»:

Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.

  1. Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
  2. Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու­թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:
  3. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը /գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով/ ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:
  4. Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
  5. Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ,  իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
  6. Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:
  7. Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:
  8. Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  9. Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝  պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
  10. Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:   
  11. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:
ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ամբողջությամբ հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում: