16 օգոստոս, 2016 16:04

ՌԴ-ն ՀՀ-ին կմատակարարի նույն սպառազինությունները, ինչ Ադրբեջանին. «Իզվեստիա»

1368438985_smersh_2Ռուսական «Իզվեստիա» թերթում այսօր լույս է տեսել հոդված՝ Մոսկվայից Երևանին 200 մլն դոլարի վարկի դիմաց զենք-զինամթերքի մատակարարման մասին: «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն սպառազինությունները, ինչ Ադրբեջանին» վերնագիրը հղում է անում «Սպառազինությունների արտահանում» («Экспорт вооружений») ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովին, որի համոզմամբ՝ Մոսկվան Հայաստանին մատակարարում է մոտավորապես նույն սպառազինությունները, ինչ նախկինում գնել էր Ադրբեջանը:

Թերթը նշում է, որ Ռուսաստանը սկսել է 200 մլն-անոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին՝ հավելելով, որ ռազմատեխնիկայի վաճառքից բացի, ռուսական կողմը զբաղվելու է ապագայում այդ զենքը շահագործող հայ մասնագետների վերապատրաստմամբ:

Լուրը «Իզվեստիայի» հետ զրույցում հաստատվել է ՀՀ ՊՆ-ից, սակայն գերատեսչությունում հրաժարվել են բացահայտել մատակարարվող զինատեսակների ցանկը:

«Սպառազինությունների մատակարարումն սկսված է և շարունակվելու է: Զուգահեռաբար իրականացվում է անձնակազմի վերաապատրաստումն ու անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ»,- պարբերականին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը, սակայն, հրաժարվել է նշել, թե կոնկրետ ինչ համակարգերի և ժամկետների մասին է խոսքը:

Վկայակոչելով փորձագետներին՝ «Իզվեստիան» գրում է, որ խոսքն առաջին հերթին գնում է ծանր սպառազինությունների մասին, որոնք «էականորեն կավելացնեն ՀՀ օդուժի հնարավորությունները»: Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկը, թեև մատակարարումներն սկսված են, այդուհանդերձ, Հայաստանի կողմից ձեռք բերվող սպառազինությունների և ռազմատեխնիկայի ցանկը Մոսկվայի և Երևանի միջև վերջնականապես համաձայնեցված չէ:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը մտադիր էր ՌԴ-ից գնել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:

«Իզվեստաին» նաև մեջբերում է օգոստոսի 10-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ռուսաստանն «ունեն փոխադարձ պարտավորություններ, և Մոսկվան մշտապես կատարում է իր պարտավորությունները»:

Ռուսական պարբերականը թեմայի շուրջ զրուցել է մի շարք փորձագետների հետ, որոնցից «Սպառազինությունների արտահանում» («Экспорт вооружений») ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովի խոսքով՝ Մոսկվան Հայաստանին մատակարարում է մոտավորապես նույն սպառազինությունները, ինչ նախկինում ձեռք էր բերել Ադրբեջանը: Մասնագետի համոզմամբ՝ այդ մատակարարումներն «անկասկած կփոխեն ռազմական հավասարակշռությունը ի օգուտ Երևանի, սակայն Բաքուն կպահպանի որոշակի առավելություն»:

«Չափազանց մեծ է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների ծավալների տարբերություները,- ասել է Ֆրոլովը: - Այստեղ բարդ է խոսել հավասարության մասին: Կարելի է ընդամենը թիրախային ներդրումներով չհասցնել տարբերությունը կրիտիկականի»,- եզրակացրել է փորձագետը: