17 օգոստոս, 2016 10:23

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն

artur_aleksanyan_2016_olympics_usatsi_9472289Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը օգոստոսի 16-ին նվաճեց միանգամից երեք մեդալ, որից մեկը՝ ոսկի։

Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Լուգո Կաբրերային` 3։0 հաշվով։

Մինչ եզրափակիչ հասնելը աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանյանն առաջին գոտեմարտում հաղթել էր իտալացի Դայիգորո Տիմոնչինիին՝ 5-2 հաշվով։ Երկրորդ գոտեմարտում՝ 8։0 հաշվով գերազանցել էր ռումինացի Ալին Չիուրարիուին, իսկ կիսաեզրափակչում՝ բացարձակ առավելությամբ՝ 9։0 հաշվով, հաղթել էր թուրք մարզիկ Չենկ Իլդեմին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Միհրան Հարությունյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկն էր: Պայքարն ավարտվեց 1-1, և քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին։

Մինչ եզրափակիչ հասնելը առաջին գոտեմարտում Հարությունյանը գերազանցել էր  եգիպտացի Սալեհ Կահքին՝ 9։0 հաշվով, երկրորդ գոտեմարտում 2։1 հաշվով հաղթել էր կորեացի Ռյու Հանսույին, իսկ կիսաեզրափակչում՝ ադրբեջանցի Ռասուլ Չունաևին՝ 3-1 հաշվով։

Երեկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը` 105+ քաշային կարգում։ Պոկումում Մինասյանը բարձրացրեց 210 կգ, հրումում նրա արդյունքը 241 կգ էր: Երկամարտի 451 կգ-ով հայ ծանրորդը գրավեց 2-րդ տեղը և Հայաստանին բերեց 3-րդ արծաթե մեդալը: Ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ 105 կգ քաշային կարգում։

Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի պատմության ընթացքում 14-րդ օլիմպիական չեմպիոնը։

1996թ․ անկախ Հայաստանի պատմության առաջին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը Ատլանտայի խաղերում։ 2000թ․՝ չորս տարի անց, նա կրկնեց իր հաջողությունը Սիդնեյում, այս անգամ, սակայն Բուլղարիայի դրոշի ներքո։

Օգոստոսի 17-ի դրությամբ Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը՝  մեկ ոսկե և երեք արծաթե մեդալով։ Մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է՝ 84 մեդալով։