Մոսկվան և Բաքուն մասնակիորեն վերանայում են ավելի վաղ կնքված խոշոր գործարքը. «Իզվեստիա»

Визит министра обороны РФ С. Шойгу в АзербайджанԲաքվում օգոստոսի 15-ին ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Զաքիր Հասանովի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Կասպից տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու ծրագրի շուրջ. այս մասին «Իզվեստիա» թերթին տեղեկացրել է ՌԴ ռազմադիվանագիտական շրջանակների աղբյուրը: Թերթը գրում է, որ այդ ջանքերի վերջնական նպատակը վստահության ամրապնդումն է և տարածաշրջանում միջադեպերի կանխարգելումը:

Զուգահեռաբար, ըստ նույն աղբյուրի, քննարկվել է Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինությունների ցանկի փոփոխությունը: Փորձագետները կարծում են, որ Բաքուն կարող է հրաժարվել ավելի վաղ պատվիրված ծանր համակարգերի մի մասից՝ դրա փոխարեն զինամթերք գնելու համար:

«Իզվեստիայի» աղբյուրի հաղորդմամբ՝ Բաքու այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցել է ՌԴ ռազմական գերատեսչության առաջարկների փաթեթը և ադրբեջանական կողմից ստացել պատասխան առաջարկներ: Այժմ կողմերը պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները:

Ըստ պարբերականի՝ խոսքը գնում է խոշոր համաձայնագրի մասնակի վերանայման մասին, որը ստորագրվել էր մի քանի տարի առաջ: Ադրբեջանի ՊՆ-ից «Իզվեստիային» չեն ասել, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը: Սակայն «Սպառազինությունների արտահանում» («Экспорт вооружений») ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը ասել է, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի գործարքի որոշակի ընդհանուր գումար, որի շրջանակում ադրբեջանցիները մտադիր են հրաժարվել ավելի վաղ համաձայնեցված որոշ կետերից և դրանք փոխարինել մյուսներով:

«Հնարավոր է՝ խոսքը գնում է զինամթերքի ձեռքբերման մասին (օրինակ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանների համար) լրացնելու այն բացը, որն առաջացել էր Ղարաբաղում իրավիճակի սրման արդյունքում, քանի որ դա ավելի արդիական է, քան ծանր համակարգերի գնումը,- ենթադրել է ռազմական փորձագետը:- Նրանք կարող են նաև հրաժարվել БМП-3-ից (Հետևակի մարտական մեքենա – ՍիվիլՆեթ), քանի որ դա ամենագերադասելի տեխնիկան չէ կոնկրետ ռազմի դաշտի պայմաններում: Դրանք կարող են փոխարինվել հարվածային համակարգերով՝ նոր «Սմերչով» կամ ինքնագնաց հրետանիով, ասենք, «Մստա» նոր հրետանային ինքնագնաց կայանքով: Ադրբեջանցիները կարող են լրացնել Մի-35 ռազմական ուղղաթիռների խմբաքանակը, ինչպես նաև Բաքվում կարող են հետաքրքրվել նաև «Պանցիր» զենիթային համալիրներով, որոնք արդյունավետ են անօդաչու թռչող սարքերի և օպերատիվ-մարտավարական հրթիռների դեմ»:

***

Երեկ «Իզվեստիա» թերթում լույս էր տեսել հոդված՝ «ՌԴ-ն ՀՀ-ին կմատակարարի նույն սպառազինությունները, ինչ Ադրբեջանին» վերնագրով, որում խոսքը գնում էր Մոսկվայից Երևանին 200 մլն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք զենքի մասին:

Մեկնաբանել