Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Աբրահամյանը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Վարչապետին զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում:
Նշվել է, որ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղևորափոխադրումները:
Այնուհետև Աբրահամյանն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի:
«Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը, նրա խոսքով, թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: «Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե՛ արդյունաբերական, թե՛ ենթակառուցվածքային և թե՛ ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը: