19 օգոստոս, 2016 11:48

Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ․ վերաքննիչը մերժեց բողոքը

11-1Վերաքննիչ դատարանը օգոստոսի 19-ին մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Վերաքննիչ բողոքի քննությունը տեղի էր ունեցել երեկ երեկոյան։ Դռնփակ դատական նիստին ելույթ էր ունեցել նաև Պավել Մանուկյանը, որը դատարան էր բերվել շտապօգնության մեքենայով։

Իր ելույթում Մանուկյանն ասել էր, որ «ինքը «Սասնա ծռերի» Թուր Կեծակին է, և այդ Թուր Կեծակին երբեք էլ պատյան չի մտնելու, բարձրացրել ենք, մենք պետք է կարողանանք հասնել հաղթանակի»։

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը մեղադրվում է շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ Նա և իր որդին՝ Արամ Մանուկյանը, ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել հուլիսի 27-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսված է Պավել Մանուկյանի հերթական վիրահատությունը։