19 օգոստոս, 2016 14:23

Սարի թաղում քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործով կալանավորվել է ևս 2 անձ

HQCԿալանավորվել են Սարի թաղում քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձինք, հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից։

«2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ևս երկու անձանց՝ Դ. Կ.-ին և Գ. Ա.-ին, մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալներ Դ. Կ.-ի և Գ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 4 անձանց մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: