22 օգոստոս, 2016 12:33

Թուրքիան պատրաստ է Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել Ռուսաստանին

Ինջիրլիքի ռազմաբազա Ինջիրլիքի ռազմաբազա

Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան, սակայն նման հայտ նա չի ներկայացրել. Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ինչպես նշել է Թուրքիայի կառավարության ղեկավարը, ռազմաբազան օգտագործվում է իսլամիստ արմատականների դեմ պայքարի համար. այնտեղից թռիչքներ են իրականացնում ԱՄՆ-ի, Կատարի, Գերմանիայի ռազմաօդային ուժերը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը ռազմաբազան օգտագործելու անհրաժեշտություն չունի, քանի որ նա երկու ռազմաբազա ունի Սիրիայում. հեռավորության տարբերությունը 150 կմ-ից պակաս է»,- պարզաբանել է Յըլդըրըմը:

***

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ինջիրլիքի ռազմաբազան փակվել էր, բազայի հրամանատարը՝ ձերբակալվել: Ավելի ուշ «Իսլամական պետության» դեմ պայքարող՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան վերսկսել է թռիչքները Ինջիրլիքից:   

Անցյալ շաբաթ Euractiv պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին սկսել է դուրս բերել միջուկային մարտագլխիկները Ինջիրլիքից և դրանք տեղափոխում Ռումինիա: Պաշտոնական Բուխարեստը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը:

Ութամսյա սառեցումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մեկնարկ են ստացել օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմամբ: