22 օգոստոս, 2016 13:06

Վրաստանում կանխվել է Հայաստան եկող գազատարի պայթեցումը

Pipline SaguramoՎրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ահաբեկչական գործողություն է կանխել, ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում՝ Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Վրաստանի ԱԱԾ ներկայացուցիչը հայտարարել է, որ ձերբակալվածները ծրագրել էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազատարը, որը կապում է Ռուսաստանն ու Հայաստանը:

Իրենց ծրագրերի իրականացման նպատակով օգոստոսի 20-ին հանցախմբի անդամները մեկնել են Ժինվալի-Շաթիլի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող անտառ՝ պայթուցիկներ և զենք-զինամթերք առգրավելու համար, որի ընթացքում էլ հայտնաբերվել են և ձերբակալվել: Խմբի անդամներից մեկի տան համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որի վրա նշված էին այն վայրերը, որտեղ ծրագրվում էր պայթյուններ իրականացնել:

Քննությունը շարունակվում է: