Թուրքիայի հարավ-արևելքում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

GaziantepԱռնվազն 51 մարդ սպանվել և 69-ը վիրավորվել են օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որն իրականացվել է հարսանյաց արարողության ժամանակ մահապարտի կողմից:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփի նահանգապետը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ մահապարտը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից էր»:

«Կան համոզիչ փաստեր, որ հարձակումն իրականացրել է ԻՊ-ը: 12-14-ամյա մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Մենք գիտենք, որ ԻՊ-ը որոշ ժամանակ է՝ փորձում է արմատավորվել այնտեղ»,- օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա դատապարտել է հարձակումը՝ ընդգծելով, որ «ոչ մի տարբերություն չկա Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK), FETO-ի [Պաշտոնական Անկարան այդպես է անվանում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը – ՍիվիլՆեթ] կամ ԴԱԵՇ-ի («Իսլամական պետություն») միջև. «նրանք բոլորն ահաբեկիչներ են»:

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայտարարության մեջ ասված է, որ հարձակումը տեղի է ունեցել իր անդամներից մեկի հարսանյաց հանդեսի ժամանակ, սպանվել են կանայք և երեխաներ:

Մեկնաբանել