Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին

Ankara ViennaԹուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին. այս մասին երեկ Անկարայում մոլդովացի իր պաշտոնակից Անդրեյ Գաբուրի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Վերջինս պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ավստրիական իշխանությունները «թույլ չեն տվել թուրքերին երկրում անցկացնել Թուրքիայի հեղաշրջման դեմ բողոքի ցույցեր, սակայն արտոնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների երթը Վիեննայում»:

«Այդ պատճառով Ավստրիայի գործերի հավատարմատարին կանչել ենք նախարարություն… [] Նաև Անկարա ենք հետ կանչել Վիեննայում մեր դեսպանին՝ խորհրդակցությունների և հարաբերությունները վերանայելու համար»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Դիվանագետի խոսքով՝ Անկարան իր բողոքն է հայտնել Վիեննային, որն «իրեն հավաքների ազատության վերաբերյալ դասեր է տալիս», միևնույն ժամանակ թույլ չի տալիս «խաղաղ հավաքներ» անցկացնել իր տարածքում:

«Մենք չենք կարող անտարբեր մնալ ահաբեկչությանը սատարող նման վերաբերմունքի նկատմամբ»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ Ավստրիային անվանելով «երկերեսանի» և նրան մեղադրելով Թուրքիային թիրախավորող ահաբեկչական կազմակերպություններին սատարելու մեջ [PKK-ն Թուրքիայում հռչակված է ահաբեկչական կազմակերպություն – ՍիվիլՆեթ]:

Ինչպես փոխանցում է Deutsche Welle պարբերականը, վերջերս քրդական կազմակերպությունները Վիեննայում անցկացրել են Թուրքիայի և նրա նախագահի դեմ ուղղված մի շարք ցույցեր: Վերջին հավաքին, որն անց է կացվել օգոստոսի 20-ին, մասնակցել է մոտ հինգ հարյուր մարդ: Wiener Zeitung պարբերականի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիան ավարտվել էր քրդերի և թուրքերի բախումներով:

Վերջին շրջանում թուրք-ավստրիական հարաբերություններում նկատվում է զգալի լարվածություն. երկու երկրների դիվանագետները պարբերաբար միմյանց հասցեին կտրուկ հայտարարություններ են հնչեցնում: Ավստրիան Թուրքիային մեղադրում է դեպի բռնապետություն շարժվելու, վերջինս էլ Ավստրիային՝ ռասսիստական քաղաքականություն վարելու մեջ:

Ներկա փուլում սրված են Անկարայի հակասությունները նաև Բեռլինի հետ:

Մեկնաբանել