24 օգոստոս, 2016 14:04

Օրինակ եք բերում, դե ճանաչե՛ք Կոսովոն

Seyran-OhanyanՕգոստոսի 23-ին «Բազե ­2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով ԼՂ հակամարտությունը փոխզիջումների եղանակով կարգավորելու վերաբերյալ հարցին, ասել է․

«Երկրագնդի վրա շատ ազգեր, օրինակ, Կոսովոյի բնակչությունը, ինքնորոշվել է ոչ իր բնօրրանում: Եվ արցախցին Հայկական լեռնաշխարհում, իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունք ունի: Եթե չկա ինքնորոշում կամ միավորում Հայաստանի Հանրապետության հետ, ապա մնացած բոլոր փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»:

Լավ է, որ նախարարը օրինակներով է խոսում ու որպես ինքնորոշման իրացված իրավունքի օրինակ նշում հենց Կոսովոն: Բայց հավանաբար նա մոռացել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը:

2008թ. Կոսովոյի անկախության հռչակումից հետո Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է ճանաչել այն: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրամիության 27 անդամներից 22-ը։ Իսկ ահա Ռուսաստանը հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Կոսովոյի նախադեպը պարզապես հիանալի խաղաքարտ կարող է լինել պաշտոնական Երևանի համար: Սակայն պայմանավորված բացառապես Ռուսաստանի դիրքորոշումով՝ Հայաստանը  հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը ու բաց թողնում այն միջազգային հանրության առաջ օգատգործելու հնարավորությունը:

Իսկ ահա Ղրիմի ճգնաժամի ընթացքում Հայաստանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշումն է որդեգրում: Անհասկանալի տրամաբանությամբ 2014թ. մարտի 27-ին Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին: Այդ բանաձևին դեմ են քվեարկել ընդամենը 11 երկիր՝ Ռուսաստանի գլխավորությամբ: Պաշտոնական Երևանը մի դեպքում դեմ է ազգերի ինքնորոշման իրավունքին, մյուս դեպքում՝ կողմ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան է զրկված ինքնուրույնությունից, որ նույնիսկ մեր պետական շահերի դեմ որոշումներ են կայացնում՝ հանուն Ռուսաստանի: Նման ճորտական կախվածությունը Ռուսաստանից ի վերջո ձևավորում է համապաատասխան նվաստացուցիչ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: