Նախկին կնոջը սպանած տղամարդը դատապարտվեց 11․5 տարվա ազատազրկման

timthumbԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախկին կնոջ սպանության մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանին օգոստոսի 24-ին դատապարտել է տասնմեկուկես տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը:

Մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը տեղեկացրել է, որ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով քաղհայցը բավարարվել է 1,6 մլն դրամի չափով: Տուժող կողմը ներկայացրել էր ծախսերի, այդ թվում՝ հուղարկավորության, հատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով:

Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Արշակ Թովմասյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը քաղհայցի մասով: Պաշտպանական կողմը հիմնավոր է համարում քաղհայցը 800 հազ․ դրամի չափով:

Դատաքննության ավարտին մեղադրողը որոշում էր կայացրել մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին՝ շարժառիթի մասով: Մեղադրական եզրակացության մեջ որպես շարժառիթ նշվում էր ամուսնական անհավատարմության պատճառով առաջացած խանդը, մինչդեռ մեղադրողը դատաքննության ավարտին իր կայացրած որոշմամբ գտել էր, որ շարժառիթը վրեժխնդրությունն է:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Առաքելյանը 27.09.2015թ. ժամը 14.00-ի սահմաններում սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինեի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Մեկնաբանել