Օգոստոսի 23-ին «Բազե 2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով ԼՂ հակամարտությունը փոխզիջումների եղանակով կարգավորելու վերաբերյալ հարցին, ասել է․
«Երկրագնդի վրա շատ ազգեր, օրինակ, Կոսովոյի բնակչությունը, ինքնորոշվել է ոչ իր բնօրրանում: Եվ արցախցին Հայկական լեռնաշխարհում, իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունք ունի: Եթե չկա ինքնորոշում կամ միավորում Հայաստանի Հանրապետության հետ, ապա մնացած բոլոր փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»:
Լավ է, որ նախարարը օրինակներով է խոսում ու որպես ինքնորոշման իրացված իրավունքի օրինակ նշում հենց Կոսովոն: Բայց հավանաբար նա մոռացել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը:
2008թ. Կոսովոյի անկախության հռչակումից հետո Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է ճանաչել այն: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրամիության 27 անդամներից 22-ը։ Իսկ ահա Ռուսաստանը հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Կոսովոյի նախադեպը պարզապես հիանալի խաղաքարտ կարող է լինել պաշտոնական Երևանի համար: Սակայն պայմանավորված բացառապես Ռուսաստանի դիրքորոշումով՝ Հայաստանը հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը ու բաց թողնում այն միջազգային հանրության առաջ օգատգործելու հնարավորությունը:
Իսկ ահա Ղրիմի ճգնաժամի ընթացքում Հայաստանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշումն է որդեգրում: Անհասկանալի տրամաբանությամբ 2014թ. մարտի 27-ին Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին: Այդ բանաձևին դեմ են քվեարկել ընդամենը 11 երկիր՝ Ռուսաստանի գլխավորությամբ: Պաշտոնական Երևանը մի դեպքում դեմ է ազգերի ինքնորոշման իրավունքին, մյուս դեպքում՝ կողմ:
Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան է զրկված ինքնուրույնությունից, որ նույնիսկ մեր պետական շահերի դեմ որոշումներ են կայացնում՝ հանուն Ռուսաստանի: Նման ճորտական կախվածությունը Ռուսաստանից ի վերջո ձևավորում է համապաատասխան նվաստացուցիչ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: