Հայաստանի հողի ու սահմանի պաշտպանը

IMG_4869Վոլոդյա Բաղդասարյանին այսօր հանդիպեցի իր այգում՝ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Նրա մեկուկես հեկտար խաղողի այգին ադրբեջանական Քյոհնա Ղշլաղ գյուղի դիրքերից հեռու է մոտ 500 մետր: Նրա այգուց շատ պարզ երևում են ադրբեջանական դիրքերը, տները, փողոցները, դպրոցը:

Ամեն օր 76-ամյա Վոլոդյա Բաղդասարյանը որդու՝ 38-ամյա Գևորգ Բաղդասարյանի հետ անցնում է հակառակորդի դիրքերի մոտ տարածքով, մշակում այգին, երեկոյան տուն վերադառնում: Գևորգի մեքենայի վրա բազմաթիվ անգամ կրակել են: Այդ մասին նա պատմում է կատակով ու զարմանալի հանգստությամբ:

Անցյալ տարի նրանք 45 տոննա բերք են ստացել: Այս տարի ակնկալում են 40 տոննա, քանի որ խաղողի համար լավ տարի չէր:

Խորհրդային տարիներին Պառավաքարը ստանում էր 5000 տոննա խաղող:

Պառավաքարի հողերը երեք կողմերից գտնվում են ադրբեջանական բանակի տեսադաշտում: Այդ հողերից մոտ 1400 հեկտարը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 1990-ական թթ. սկզբին, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում հակառակորդի դիրքերը գերիշխում են:

Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մասին ես ՍիվիլՆեթի իմ գործընկերների հետ ֆիլմ եմ նկարում:

Այդ ֆիլմում կլինեն նաև հայ և որդի Վոլոդյա և Գևորգ Բաղդասարյանները: Այս մարդկանց մասին արժե մեկ ամբողջական ֆիլմ նկարել: Այսպիսի բարի ու խիզախ մարդկանց հանդիպում եմ սահմանամերձ գյուղերում: Այս հայրերն ու որդիներն են Հայաստանի հողի ու սահմանի իրական պաշտպանները:

Մեկնաբանել