27 օգոստոս, 2016 20:45

Խաչը. Միհրան Հարությունյան

Մեր չեմպիոնները վերադարձան։ Ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կրկին հիշեց, թե ինչից են զրկել իրեն Ռիոյում։ Ինչ-որ մեկը նրան պետք է բացատրի՝ քեզ ոչ ոք չի զրկել օլիմպիական ոսկուց, մեզ են զրկել։ Զրկողները նույնիսկ չէին էլ ենթադրի, որ օլիմպիական արծաթը քեզ համար նվաճում չէ։ Եթե սպորտը մաֆիա է, ապա սոսկ մարզական մաֆիա չէ, այլև քաղաքական։ Այդ իմաստով, դու քարտեզի վրա չկաս, սիրելի Միհրան։

Ամբողջ աշխարհը տեսավ, որ դու հաղթեցիր սերբին։ Հետո՞։ Սպորտն իր քարտեզն ունի, հեռուստադիտողն՝ իր։ Ավելի հաճախ այդ քարտեզներն իրար հետ չեն խոսում։ Ես հաճույքով կմեղադրեի առկա վրացուն քո հետևից ընկած լինելու համար։ Սակայն Ռիոյում այլ բան է տեղի ունեցել, ընկեր։ Բոլորովին այլ բան։ Դու նույնիսկ չես էլ ենթադրի, թե ինչ։ Պետք է գնալ ոչ թե արդարության հետևից, այլ հաղթանակի, եթե դու արդարության դրոշակակիրը չես։ Հայաստանում մենք այդպիսի դրոշակակիրներ շատ ունենք։ Կարելի է ասել՝ 2,5 միլիոն մարդ։ Բայց որն իր կյանքում երբեք իշխանություն չի փոխել, սիրելի Միհրան։ Երբ աշխարհը նայում է քարտեզին, այսպիսի բաներ է տեսնում։ Եվ այդ անփոփոխ իշխանությունն այնտեղ՝ Ռիոյի ըմբշամարտի օլիմպիական դահլիճում  է։ Պարզ չէ՞, որ քո «պարտությունից» հետո նա մոտեցել է քեզ, ձեռքը դրել ուսիդ, մեղմ ժպիտով ասել մխիթարանքի խոսքեր, հավատացրել, որ այստեղ՝ Հայաստանում, քեզ կընդունեն որպես իսկական չեմպիոնի։ Հետո՞։ Դու ինչ-որ բան պիտի լսած լինես բարոյական հաղթանակի մասին։ Ահա քո բարոյական հաղթանակը։ Քո «պարտության» պատճառը նայում է քո աչքերի մեջ, իսկ դու չարացած ես սերբի վրա։ Ինքն էլ գիտեր, որ չի հաղթել։ Բայց նվերն ընդունողի իր սառնասրտությունը հաղթողի սառնասրտություն է։

Այդպիսի արցունքներով, ինչպիսին քոնն է, մենք այսօր նստում ենք ղարաբաղյան բանակցությունների սեղանին։ Այնտեղ էլ մեր ուսերին թփթփացնում են ձեռքով, ճանաչում մեր հաղթանակը։ Բայց քարտեզը, սիրելի Միհրան, քարտեզը մեր օգտին չէ։ Չեմ հերքում՝ աշխարհը սիրում է արցունքներ, աշխարհը սիրում է, երբ մատով են ցույց տալիս մարդու տեղը, իբր տեսնու՞մ եք՝ ահա մարդը, բայց հաղթանակները բաշխելուց հետո։ Միայն այդ ժամանակ են թափվում արցունքները։ Քո արցունքներն աշխարհի վրա մեր տեղն են, մեր տեղանշանը, մեր «անկյունային դրոշակը», մեր հասցեն։ Եթե չարտասվեիր, սիրելի Միհրան, մեր տեղն ընդհանրապես կզրոյանար։ Նրանք, ովքեր խլել են քո հաղթանակը, խոսում են քեզ ամենահասկանալի լեզվով, ժպտում են մոտավորապես այնպես, ինչպես դու ես ժպտում։ Նրանք խոսում են մարդկությունից։ Բայց նրանք էլ ճիշտ քեզ բաժին հասած պարտության ձևով այստեղ հաղթանակներ են բաժանում, սիրելի Միհրան։ Հեչ չես տեսե՞լ։

Երբ նրանք քեզ վերցնում են իրենց ուսերի վրա, ես տեսնում եմ քո նպատակասլացությունը դեպի նոր հաղթանակները։ Բայց դա հաջորդ հաղթանակի դուռն արդեն կողպողի մեծարանքն է քո հանդեպ, զգոն եղիր։ Ոչ ոք այստեղ չի կասկածում մեր ըմբշամարտի դպրոցի, այսպես ասած, գերտերություն լինելուն։ Մենք, կարելի է ասել, շնչում ենք այդ գերտերությամբ։ Բայց սպորտը քաղաքական ընդհանուր ցինիզմից զերծ չէ։ Գուցե հաջորդ օլիմպիադայում դու հաղթես, բայց այդ կողպված դռան մասին մեզ նորից են հիշեցնելու։ Ինքս ըմբշամարտի խաղի կանոններից ոչինչ չեմ հասկանում և, մեր մեջ ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ իրականում։ Բայց ես տեսա աշխարհի արձագանքը քո «պարտությանը»՝ բոլորը քեզ մատով էին ցույց տալիս՝ ահա մարդը։ Այդպես վարվում են խաչվողի հետ, սիրելի Միհրան։ Խաչը ոչ ոք չի չեղարկելու։ Սկզբից ճանաչում են պարտությունը, հետո ընդունում են դրա հետ չհաշտվողի արցունքների լեգիտիմությունը։ Որովհետև դու չունեիր հաղթանակը վերցնողի ձեռքեր։ Քո քարտեզն ընդհանրապես առանց ձեռքերի է։

Գուցե ասես՝ իսկ Արթու՞րը։ Նա հո վերցրե՞ց հաղթանակը։ Նա էլ հո նույն քարտեզո՞վ էր գնացել։ Այո, բայց մենք ցինիզմից ենք խոսում, ոչ թե՝ ջարդից։ Արթուրը կուբացու էր հաղթել, որի հարազատ երկրում մեզնից ավելի վատ է վիճակը։ Երկրորդ, ոչ ոք նպատակ չէր դրել մեզ ոչնչացնելու, կամ հռչակելու, որ մենք չկանք։ Այն էլ մեկ ժամվա ընթացքում։ Այն էլ՝ նույն ազգի հանդեպ։ Դու հերիք էիր։ Ով որ պետք էր՝ տեսավ, թե ինչ է նշանակում հաղթանակը կեղծելը։ Նա դահլիճում նստած էր։ Գուցե, եթե Արթուրը քեզանից առաջ մրցագորգ դուրս գար, նա լիներ պարտվողը։ Քո «պարտությունը» քաղաքական զրույց էր Հայաստանի հետ։ Եվ այն պետք է վարվեր ամբողջ սրությամբ, կատարյալ ցինիզմով։ Աշխարհը գիտի այդ լեզուն։ Դու, սիրելի Միհրան, առաջինը չես այդպես պարտվողների մեջ և վերջինը չես լինելու։ Վիճակագրությունն է ափսոս։ Վիճակագրությունը չի սիրում փակագծեր, որտեղ գրվում է, թե մեր Միհրանից օլիմպիական ոսկին խլեցին Ռիոյում։ Ուրեմն այս ամբողջ քաղաքական զրույցից սպորտին մնում է փաստը՝ մեկ ոսկի, երեք արծաթ։ Այսինքն, գծվեց նոր քարտեղ Հայաստանի կոնկրետ տեղով։ Եվ, ինչպես քաղաքական քարտեզը, այն միշտ կարիք ունի թարմացվելու։ Պարտությունը խլելու մասին մեղադրանքները վատ բան չեն, հարյուր հազարներ են դրա համար դուրս գալիս փողոց։ Հեչ չե՞ս տեսել։ Ուրեմն, սկզբից այստեղ ինչ-որ բան ապացուցիր, սկզբից այստեղ տեր եղիր քո հաղթանակին, սիրելի հայորդի և հայաստանցի, նոր դա պահանջիր մնացած աշխարհից։

Քո պարտությունն, ուրեմն, արդեն այստեղ էին խլել քեզանից։ Ռիոյում դու արտասվեցիր, որովհետև միամտորեն, ընկեր, զուտ միամտորեն չգիտեիր, որ ուրիշի պարտություն չի լինում, խլվում է քեզանից միշտ քո հաղթանակը։ Միշտ քո հաղթանակը։

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: