30 օգոստոս, 2016 18:37

Արարատ Խանդոյանի՝ գրավի դիմաց ազատ արձակման միջնորդությունը մերժվեց

Arabkir dataranԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 30-ին մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբորը՝ Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Նիստից հետո Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում։ Նա պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Վերաքննիչ դատարանը մերժել էր Արարատ Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Դատարանը հաշվի չէր առել 1200-ից ավելի ստորագրությունները` ի պաշտպանություն Արարատ Խանդոյանի։

Արարատ Խանդոյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով: Մասնավորապես՝ Խորենացի փողոցի բողոքի ակցիաների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու մեջ։