31 օգոստոս, 2016 08:52

Աստ եղև 44

Խաղամոլի համար բոլոր անարդարությունները տեղի են ունենում հատկապես իր հետ:

Հավատացեք, ավելի դժվար է մեռնել 100 տարեկանում, քան՝ 50…

Սարսափելի է սպիտակ թուղթը, երբ գիտես ինչ ես անում...

Ամենուր, որտեղ խոսքը դեր ունի, առաջին պլանում նրանք են, ովքեր խոսել չգիտեն: Սա վիրավորական է համրի հանդեպ:

Ի սկզբանէ մարդը «կառուցված» էր որպես զոհաբերվող: Բայց նա զոհաբերեց, որպեսզի ապրի:

Ամուսնու «ձախ» գնալու փաստի մեջ կնոջ համար սարսափելին մանրամասներն են, ոչ թե՝ փաստը: Ամուսնու համար՝ հակառակը:

Ժուռնալիստիկան խաղող է, գիրքը՝ արևը, որի ճառագայթները քաղցրացնում են խաղողը:

Գլխից մեծ երազանքներ ունենալու համար պետք է ունենաս գլխից մեծ հոգեկան առողջություն:

Երբ սերը կա, խանդը նաև մեծարանք է...

Քաղքենությունը ձեռքբերովի է: Դրա համար անհրաժեշտ է լինել դիմացինի հաջողությունների վկան:

Մեր մահը կարող են ավարտել միայն ուրիշները, եթե մենք ավելի վաղ չենք մեռել:

Բոլոր ուտելիքներն էլ նիհարացնում են, երբ չես ուտում:

Անեծքը գտնում է նրան, ով ավերակաց համար աչք ունի, տեսիլքի համար՝ ոչ:

Իմ ներսում և նույնիսկ իմ շուրջը չարն ու բարին այնքան համաչափ են պատահում, որ իմ դիմացով անցնող կատուն ոչ թե սև է կամ սպիտակ, այլ սև-սպիտակ միաժամանակ:

Երկիր մոլորակը միակ դժոխքն է, որն ունի հեքիաթ լինելու բոլոր բաղադրանյութերը:

Ամեն մարդ իր երկրաշարժերն ունի, և հատկապես՝ իր զոհերը...

Մարգարեն նա չէ, ով կանխատեսում է, այլ նա, ով անտեսանելին մաքրում է կասկածները:

Սերժ Սարգսյանին չի կարելի ներել հատկապես մի բան՝ եթե Ռոբերտ Աբաջյանը հանկարծ դառնա գոյություն չունեցող պետության ազգային հերոս:

Հնարավոր չէ միաժամանակ որոնել ճշմարտությունը և սուտ չխոսել: Հնարավոր է միայն սուտ չխոսել:

Արձակը պետք է այնպես գրվի, որ եթե սյուժեն միջից հանես, աուրան մնա: Ինչպես Դոստոևսկու կամ Մարկեսի վեպերում:

Սիրո մեջ անգամ պիտի մեթոդ աշխատի: Իսկ մեթոդը համբերությունն է:

Խաղաղությունը բոլորին չի վերաբերում, խաղաղությունը վերաբերում է յուրաքանչյուրին:

Ամենապատասխանատու բանը մի հոգի լինելն է, երբ հանճար չես:

Սերն այն է, երբ ամեն ինչ նորից անվանելու համար բառերը կհերիքեն:

Ինչ էլ տեղի ունենա, ինձ ցավը չի հերիքում...

Հրեաները միակն են, որոնք սեփական Աստծո օրինակով գիտեն՝ Աստված չկա:

Աղքատության բացասման հիմքում արժանապատվությունն է: Երբ սա հանում ես, մնում է աղքատը, որը փնտրում է ողորմացողին:

Ես շնորհակալ եմ: Հետևաբար ես գոյություն ունեմ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: