Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ծրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի խորհրդակցությունները։ Այս մասին օգոստոսի 31-ին կայացած ճեպազրույցին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ծրագրված է համանախագահների հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
«Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտուալ հարցեր։ Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորման շուրջ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարներին»,- ասել է Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ սրանք ծրագրային խորհրդակցություններ են, որոնք պարբերաբար անցկացվում են Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում և որոնց հիմնական նպատակը երեք երկրների ջանքերի համակարգումն է ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ։