Արցախում սահմանադրական փոփոխությունների վերահսկման խումբ է ստեղծվել

Լեռնային Ղարաբաղում մի խումբ քաղաքացիներ նախաձեռնող խումբ են կազմել՝ սահմանադրական փոփոխությունների վերահսկման քաղաքացիական շարժում ստեղծելու նպատակով։ Շարժումը կրելու է «Իրավունք և արժանապատվություն» անունը:

Նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում նշվում է, որ «ունենալով մտահոգություններ հրապարակված հայեցակարգի որոշ դրույթների նկատմամբ, ինչպես նաև արձագանքելով փոփոխությունների ապագա նախագծի վերաբերյալ մամուլում եղած մտահոգություններին` այս խումբը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, քաղաքացիներին ծանոթացնել հնարավոր մարտահրավերներին, ներգրավել մեծաթիվ դիտորդներ փոփոխությունների նախագծի հաստատման և հանրաքվեի անցկացման դեպքում, ակտիվ համագործակցություն հաստատել հայաստանյան քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների և մասնավորապես իրավունքի և ընտրական հարցերում մասնագիտացած կազմակերպությունների հետ»:

«Նախաձեռնող խումբը քայլեր է ձեռնարկելու քաղաքացիական շարժման մեջ հանրության հնարավորինս բազմաշերտ մասնակցություն ապահովելու, թեմայի շուրջ ակտիվ բանավեճ ծավալելու նպատակով: Նախագծի ընդունման և հանրաքվեի դրվելու դեպքում «Իրավունք և արժանապատվություն» քաղաքացիական շարժումը հանդես կգա փոփոխությունների նկատմամբ հստակ դիրքորոշմամբ և համապատասխան քարոզարշավով»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են Հայկ Ղազարյանը (լրագրող), Սարինե Հայրիյանը (հեռուստալրագրող), Տիգրան Պետրոսյանը (բժիշկ), Արմեն Գրիգորյանը (քաղաքագետ), Նարինե Ներսիսյանը (քաղաքագիտության մագիստրոս), Սուսաննա Մովսեսյանը (տնտեսագետ):

***

ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավանություն է տվել օգոստոսի 15-ին։

Փոփոխությունների հիմքում ընկած է անցումը կառավարման կիսանախագահական համակարգից նախագահական համակարգի։ Հայեցակարգով վերացվում է վարչապետի պաշտոնը, կառավարության ուղղակի ղեկավարումը ստանձնում է նախագահը։

Արցախի ընդդիմադիր գործիչները մտավախություն են հայտնում, որ ԼՂՀ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանին վերընտրվելու Ազգային ժողովի կողմից անցումային շրջանում՝ մինչև 2020թ․, իսկ դրանից հետո կրկին զբաղեցնելու նախագահի պաշտոնը արդեն փոփոխված սահմանադրության պայմաններում։

Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․։ ԼՂՀ գործող սահմանադրությամբ՝ նա իրավունք չունի նորից զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Մեկնաբանել