8 սեպտեմբեր, 2016 13:34

Ինչու Սերժ Սարգսյանը «բամփեց» Հովիկ Աբրահամյանին

Իշխանական համակարգում որոշումների կայացման մեխանիզմը շատ փակ է ու քողարկված: Կարևորագույն որոշումները կայացվում են շատ նեղ խմբի շրջանակներում, որից հետո ընդունված որոշումը պատվիրակվում է ներքև: Ներքևներում պարտավոր են անվերապահ ընդունել, ծափահարել ու դրվատանքի խոսքեր շռայլել «իմաստուն առաջնորդի» կայացրած որոշման համար:

Կարևոր չէ՝ որքանով է որոշումը ճիշտ և համարժեք, կարևորը բարձրագույն իշխանության հետ չհակաճառելն է ու քաղաքական ստրուկի կարգավիճակը առավելագույնս ընդգծելը, քանզի իշխանության ներսում համոզվածություն է, որ իշխանության սանդուղքներով բարձրանալու ճիշտ ձևը անվերապահ, անսկզբունք ու առանց մտածելու ղեկավարությանը ծառայելն է:

Բուրգի ներսում միակ սկզբունքը անսկզբունքայնությունն է, միակ արժեքը՝ այլասերվածությունը:

Մի քանի օր տարատեսակ լրատվամիջոցներով արտահոսք կազմակերպվեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին փոխարինել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանով:

Ու հանկարծ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստի վերջում հայտարարում է, որ հրաժարական է տալիս՝ ինչ-որ տարօրինակ ու վերացական հիմնավորումներով:

Մինչ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ հոդաբաշխ  մեկնաբանություն չի տվել, թե արդյոք վարչապետի հրաժարականը նախապատարաստվում է, և եթե այո՝ ինչո՞ւ: Նրանք կա՛մ լիրաժեք ինֆորմացիա չունեին՝ հեռու են որոշումներ կայացնող շրջանակից, կա՛մ էլ չգիտեին՝ ինչ խոսել, որ հետագայում իրենց խոսքերն իրենց իսկ գլխին չջարդվի:

Կախված նրանից, թե Սերժ Սարգսյանը ինչ ճակատագիր է նախատեսել Հովիկ Աբրահամյանի համար, ըստ այդմ էլ կլինի իշխանության ներկայացուցիչների  գնահատականները՝ «բամփելով» ոչնչացնել Հովիկ Աբրահամյանին, թե շնորհակալություններով ճանապարհել:

Համապաստախան հրահանգի դեպքում կարելի է չկասկածել, որ Հովիկ Աբրահամյանի ամենահավատարիմ զինակիցներն անգամ առանց վարանելու ուղղակի կհոշոտեն նրան:

Իշխանության մեջ մնալը անդեմ ու այլասերված վարքագիծ է պահանջում:

Նույն Հովիկ Աբրահամյանը հենց այդ միջավայրի կարկառուն ներկայացուցիչն է:

2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանի հրահանգով նա պատրաստ էր բամփել իր խնամի Գագիկ Ծառուկյանին: Համապատասխան հրահանգի դեպքում կարելի է չկասկածել, որ Աբրահամյանը հանուն Սերժ Սարգսյանի ամենադաժան կերպով հաշվեհարդար կտեսներ սեփական խնամու հետ:

Հիմա այդ նույն ուղտը ծնկել է Հովիկ Աբրահամյանի դռանը՝ Սերժ Սարգսյանի մեծահոգությունից ու նպատակներից է կախված՝ «բամփելու» հրահանգ կլինի, թե ոչ:  

Շատ հնարավոր է, որ  Հովիկ Աբրահամյանի համար նախատեսված է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպվի 2017թ. խորհրդարանական ընտրություները կեղծելու գործընթացը:

Մատուցած ծառայությունների որակից կախված՝ կորոշվի Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը:

Իսկ ինչու ՀՀԿ առաջնորդը պատկերավոր ասած՝ «բամփեց» Հովիկ Աբրահամյանին:

Սերժ Սարգսյանը հենց սկզբից ձախողել է երկրի կառավարումը՝ տնտեսությունից սկսած՝ վերջացրած անվտանգութամբ: Նրան քավության նոխազներ են հարկավոր, որոնց միակ գործառույթը ճիշտ պահին զոհաբերվելն է: «Բարի թագավոր, չար բոյարներ» կոմբինացիան Սարգսյանի իշխանության կոնցեպցիան է:

«Չար բոյարները» պետք է պարբերաբար «պատժվեն», որպեսզի հանրության ինչ-որ մաս համոզվի, որ իրականում «թագավորը» այդքան էլ մեղավոր չէ երկրի կառավարումը տապալելու մեջ: 2014թ. Տիգրան Սարգսյանը պատվով հանգուցալուծեց «քավության նոխազ» օպերացիան, իսկ 2016թ. այդ օպերացիան պատվով ավարտում է Հովիկ Աբրահամյանը։

Իհարկե, շատ պարզունակ սցենար է, քչերն են դրան հավատում, բայց Սերժ Սարգսյանն այլ տարբերակ էլ չունի, պետք է «նոխազներին» ու պետության շահերը զոհաբերելով առաջ գնա: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկին «բամփելու» շոուներ կազմակերպելով՝ փորձ է արվում ժամանակ ձգել: Հասկանալի է, որ որևէ փոխատեղում երկրում իրավիճակ չի փոխելու, փոխվելու են աթոռների վրա նստած մարդիկ: Իրավիճակը փոխվելու է իշխանության ներսում՝ ուժերի վերադասովորման առումով, որը միտված է 2017թ. խորհդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կազմակերպելուն:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: