9 սեպտեմբեր, 2016 15:47

Կարեն Կարապետյանը կախարդական փայտի՞կ ունի

Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է, որ շուտով ներկայացնելու է երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած է լինելու երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Դեռ կհասցնենք ծանոթանալ, թե ինչի վրա է խարսխված հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությունը վերակենդանացնելու Կարեն Կարապետյանի մարտավարությունն ու ռազմավարությունը: Սակայն մինչ ծրագրի ներկայացումը հասկանանք, թե ինչ իրավիճակում է փորձելու Կարեն Կարապետյանը ծրագիր կյանքի կոչել ու մի քանի հռետորական հարց հղենք ապագա վարչապետին:

Տնտեսությունն աշխուժացնելու հիմնական պայմաններից մեկը ներդրումների ներգրավումն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է բարենպաստ ներդրումային միջավայր, որպեսզի գործարարների մոտ ցանկություն ու շահագրգռվածություն առաջանա Հայաստանում գումարներ ներդնելու և բիզնեսներ հիմնելու:

Ունենք փոքր և ցածր գնողունակությամբ շուկա, կոռումպացված պետական համակարգ և ավերված լոգիստիկա:

Գումարներ ներգրավելու գործում կարևոր է նաև գործարար շրջանակների վստահությունը տվյալ երկրի իշխանությունների նկատմամբ:

Արդյոք ի դեմս Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած իշխանական բուրգի մենք ունե՞նք վստահելի գործընկերներ արտաքին ու ներքին պոտենցիալ ներդրողների ու գործարարների համար (այստեղ նկատի չունենք մոնոպոլ դիրքերում գտնվող հայ օլիգարխներին):

Ինչո՞ւ պետք է գործարար լուրջ շրջանակները վստահեն մի երկրի ղեկավարի, որը մեկ գիշերվա մեջ կարող է 180 աստիճանով երկրի ընթացքը փոխել:

Արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են, որ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու մասին Սերժ Սարգսյանի խոսքերը երբևէ կյանքի կկոչվեն նրա իշխանության օրոք: Սերժ Սարգսյանի իշխանության ութ տարիներին քաղաքական որևէ բարեփոխման ականատես չենք եղել:

Կոռումպցված պետական համակարգերը ի վիճակի չեն ազատ շուկայական ու առողջ տնտեսական հարաբերություններ երաշխավորել:

Որքանո՞վ է հավանական, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական բուրգի մոնոլիտության շաղախ հանդիսացող կոռուպցիան հնարավոր կլինի խարխլել: Հատկապես ի՞նչն է ապագա վարչապետին վստահություն ներշնչում, որ ինքն արդյունավետ կպայքարի կոռուպցիայի դեմ:

Կարո՞ղ է արդյոք Կարեն Կարապետյանը վստահեցնել, որ, օրինակ, շաքարավազի ու նավթամթերքի ներկրման ոլորտներում մենաշնորհը կվերանա: Արդյոք Երևանի նախկին քաղաքապետը կկարողանա՞ Սերժ Սարգսյանին հասկացնել, որ փոքր երկիր լինել չի նշանակում՝ շաքարավազը պետք է մի հոգի ներկրի, գերշահույթ ստանա ու այդ շահույթից փայ հանի իրեն այդ մոնոպոլ իրավունքը շնորհած մարդուն/մարդկանց:

Նժդեհականների առաջնորդի մոտ վարչապետ աշխատած անձանցից խոստումներ ու աշխարհացունց ծրագրերի պակաս չենք ունեցել:

2008-2013 թթ․ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, Գյումրին դարձնում էր ծովափնյա տեխնոքաղաք, իսկ Դիլիջանը՝ ֆինանսական մայրաքաղաք։ Եվ այս ոճի մեջ՝ լիքը խոստումներ: Արդյունքում ունեցանք աշխարհում երկրորդ ամենախոշոր տնտեսական անկումը, պետական պարտքը քառապատկվեց, իսկ նրա երազած «հայկական աշխարհը» մեծացավ Հայաստանից արտագաղթածների հաշվին:

Իսկ վեջին մոտ 2,5 տարիներին վարչապետի աթոռը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանն անխնա պայքար հայտարարեց ստվերի, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Թե ինչքանով պայքարն արդյունավետ ստացվեց, նույնիսկ գրելն է անհարմար: Փոխարենը տնտեսությունը լճացավ, հոգեվարքը շարունակվեց, իսկ պետական պարտքը ավելացավ ևս 1 մլրդ դոլարով:

Սպասենք Կարեն Կարապետյանի ծրագրերին։ Միգուցե նրա մոտ կախարդական փայտիկ կա՝ չեզոքացնելո ւՍերժ Սարգսյանի ազդեցությունը տնտեսության վրա:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: