11 սեպտեմբեր, 2016 00:23

Սփյուռքը պետք է հասկանա իր դերը, երբ Հայաստանի ռեժիմին լեգիտիմություն է հաղորդում․ Տարոն Աճեմօղլու

Սեպտեմբերի 9-ին Տորոնտոյում գործող «Հայկական վերածնունդ» (Armenian Renaissance) կազմակերպությունը հրավիրել էր համաժողով՝ նվիրված Սփյուռքի դերին Հայաստանում։ «Հայաստանը և Սփյուռքը «Սասնա ծռերից» հետո» խորագիրը կրող համաժողովին սկայպով միացավ նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն։

Տարոն Աճեմօղլուն աշխարհի տասը ամենաշատ վկայակոչվող տնտեսագետներից է։ Նրա և Հարվարդի պրոֆեսոր Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) գիրքը աշխարհում ամենաշատ վաճառվող տնտեսագիտական աշխատություններից է։ Աճեմօղլուն խոսեց պետությունների հաջողությունների և ձախողումների պատճառների մասին, անդրադարձավ Հայաստանի խնդիրներին, հնարավորություններին և Սփյուռքի դերին։ Աճեմօղլուի ելույթից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև։

«Սասնա ծռերը» խորքային խնդրի ընդամենը ախտանիշն է

«Սասնա ծռերը» խորքային խնդրի ընդամենը ախտանիշն է։ Չլինելով Հայաստանի ամենօրյա խնդիրների մասնագետ, ընդհանրական հայացքով կարող եմ խոսել։

Ես համառոտ կսկսեմ այն բանից, ինչը հիմնված է տնտեսագիտության և քաղաքագիտության մեջ վերջին տասնամյակների բազմաթիվ հետազոտությունների վրա։ Դրանք նաև որոշակիորեն ցույց են տալիս, թե ինչու են պետությունները ձախողում։

Եթե ուզում ես կառուցել առողջ տնտեսական համակարգ, ավելին՝ առողջ սոցիալական համակարգ, դա իսկապես պետք է հիմնված լինի մի շարք քաղաքական ինստիտուտների վրա։ «Ինչու են պետությունները ձախողում» գրքում մենք դա կոչում ենք ներառող քաղաքական ինստիտուտներ։ Ինչ նկատի ունենք դրանով՝ ընտրական ինստիտուտների համախումբ: 

Ժողովրդավարության մինիմալ սահմանումը, ըստ Ջոզեֆ Շումպետերի, ազատ և անկախ ընտրություններն են։ Սակայն ազատ և անկախ ընտրություններից բացի, շատ կարևոր է, որ իշխանության ղեկին գտնվողները հաշվետու լինեն նաև ընտրություններից դուրս, վերահսկվեն դատական ինստիտուտների, պառլամենտական ինստիտուտների կողմից։

Եվ երրորդ բանը, թերևս ավելի կարևոր, որ իշխանությունները ակտիվ վերահսկվեն հասարակական այլ մարմինների կողմից և նրանց հետ կիսեն իշխանությունը։ Քաղաքացիական հասարակությունը, մեդիան պետք է շատ հզոր և զգոն լինեն, որպեսզի թույլ չտան, որ քաղաքական իշխանությունը մենաշնորհվի նեղ խմբի կողմից՝ լինի դա տնտեսական խումբ, թե քաղաքական խմբեր, որոնք կոալիցիաներ են կազմում քաղաքական այլ խմբերի կամ միմյանց միջև։

Սրան հեշտ չէ հասնել։ Այսպիսի քաղաքական և տնտեսական ինստիտուտներ զարգացնելը շատ դժվար է։ Սակայն միայն այդ պարագայում կլինեն ազատ հնարավորություններ։ Իսկ ազատ հնարավորությունները հատկապես կարևոր են, որովհետև միակ երաշխիքն են, որ․

ա) տնտեսական օգուտները հարաբերականորեն հավասար կբաշխվեն,

բ)  հասարակությունը ռեսուրսները կօգտագործի առավել արդյունավետ ձևով։

Եթե չկան այդ հավասար հնարավորությունները, մարդիկ, ովքեր չունեն լավագույն գաղափարները, լավագույն ընկերությունները, լավագույն տեխնոլոգիաները, մենաշնորհելու են եղածը։ Եվ սա այն է, ինչ տեսնում ենք հիմա Հայաստանում՝ իր օլիգարխիկ համակարգով։

Հավասար հնարավորությունների բացակայության պարագայում բնակչության զգալի հատվածը մատչում չունի աշխատատեղերին, ինչը մարդկանց թույլ կտա ունենալ ապրուստ, այն հանգեցնում է անհավասարության մեծացման, տնտեսական և տեխնոլոգիական մտքի սակավության՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Սփյուռքի միջոցով մատչում ունի աշխարհի մի շարք լավագույն տեխնոլոգիաների։

25 տարում հաջողած և ձախողած երկրները

Հայաստանի պարագան շատ բարդ է։ Ինչպես անցումային այլ տնտեսություններ, այն սկսել է քաղաքական և տնտեսական մի համակարգից, որը մեծապես ձևավորվել էր կոմունիզիմի, տնտեսության պետական կարգավորման օրոք։ Եվ Հայաստանը ստիպված էր կազմակերպելու անցումը։

Սակայն, երբ նայում ենք տվյալներին, հասարակությունները, որոնք անցումային այս փուլն սկսել են 1990-ականներին, բաժանվել են երկու խմբի։ Կան երկրներ, որոնք իսկապես կարողացել են հաջող անցում կազմակերպել, ինչպես օրինակ՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, բալթյան երկրները, և երկրներ, օրինակ՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և լայն առումով՝ նաև Ռուսաստանը, որոնք չեն կարողացել այդ անցումը հաջող կազմակերպել։ Եվ մենք տեսնում ենք այս ամենի տնտեսական հետևանքները։ Այս երկրներից որոշները, օրինակ՝ Թուրքմենստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, իհարկե, օգուտներ են ստանում իրենց հսկայական նավթային եկամուտներից, ինչը սքողում է ինստիտուցիոնալ խնդիրները ու թերևս ավելի բարդացնում ինստիտուցիոնալ տրանսֆորմացիան։

Սակայն մեծ պատկերն այն է, որ կա հասարակությունների մի խումբ, որը տնտեսապես հաջողակ է, և խումբ, որը հաջողակ չէ։ Եթե հարցնեք, որն է դրա պատճառը, ես կասեմ, որ առաջին խումբն իսկապես անցել է արմատական, ինստիտուցիոնալ փոխակերպման միջով ոչ միայն տնտեսության, այլև քաղաքական համակարգի առումով։

Երկրորդ խումբն առանձնանում է Կոմունիստական կուսակցության նախկին անդամներով, որոնք դիմակավորվել են որպես ազգայնականներ և անցումն իրականացնողներ։

Ուկրաինա vs Լեհաստան

Ուկրաինա vs Լեհաստան․ կարծում եմ՝ սա հրաշալի օրինակ է։ 1990թ․ նրանք ունեին նույն եկամուտը մեկ շնչի հաշվով։ Այսօր Ուկրաինայի եկամուտը Լեհաստանի եկամտի 1/3-ն է կազմում։ Լեհաստանը բավական դժվար ժամանակների միջով է անցել, և ներկայում էլ տարօրինակ կառավարություն ունի, սակայն նրա ընդհանուր հաջողությունը վերջին 25 տարիներին անհերքելի է։ Ինչպե՞ս են նրանք հասել դրան․ նախաձեռնելով քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։ Որոշ տնտեսագետներ ընգդծում են տնտեսական բարեփոխումները, սակայն ինձ համար առաջնային են քաղաքական բարեփոխումները, որոնք իհարկե խթանվել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի արդյունքում և մեծապես նպաստել են տնտեսական բարեփոխումներին։

Իսկ ի՞նչ արդյունքներ է ունեցել Ուկրաինան։ Մի խումբ մարդիկ, ուկրաինական պոլիտբյուրոյի նախկին անդամներ, իրենց հռչակեցին ազգայնականներ, ինչը տեսնում ենք նաև Կենտրոնական Ասիայի երկրներում, հետո հասարակությունը բաժանվեց օլիգարխների երկու խմբի, այդ երկու խմբերը սկսեցին կռվել իրար դեմ։ Չեղան տնտեսական հնարավորություններ, չեղավ կայունություն, որ կարող էին երաշխավորել քաղաքական ինստիտուտները։ Տնտեսական ինստիտուտները, որոնք հետևում էին քաղաքական ինստիտուտներին, անպիտան էին, և արդյունքում մենաշնորհները ոչ թե թուլացան, այլ էլ ավելի զորացան։

Եթե այս տեսանկյունից նայենք, թերևս ոչինչ չկա զարմանալու, որ Լեհաստանը մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով երեք անգամ առաջ է անցել Ուկրաինայից։

Ցավոք խնդիրն այն է, որ Հայաստանը շատ ավելի մոտ է Ուկրաինային և Ադրբեջանին, քան Լեհաստանին։ Հայաստանում թեև սկզբում կային որոշ դրական փոփոխություններ և նոր ավյուն, սակայն ճանապարհը, որ անցավ Հայաստանը, շատ բաներով նման էր Ուկրաինային՝ տնտեսության օլիգարխիկ կառուցվածք, երբեմն՝ կարող էին լինել ընտրություններ, սակայն ոչ հավասար դաշտ քաղաքական համակարգում, ինչն իհարկե հասարակությունում բազմաթիվ խեղումներ է առաջացնում։

Սրա մյուս ախտանիշերն են, երբ դժգոհությունը եռում է մինչև այն աստիճան, որ թափվում է արդեն։ Լինում են ճնշումներ կամ այլ ձևեր դրա դեմն առնելու, սակայն շատ քիչ արձագանք քաղաքական համակարգի կողմից՝ ինքն իրեն բարեփոխելու առումով, որպեսզի մարդկանց հնարավորություն տա ավելի շատ ընտրություն ունենալու դաշտում, և իրական քայլեր անելու հավասար հնարավորություններ ապահովելու համար։

Հայաստանի հիմնական տվյալները հաշվի առնելով՝ իհարկե հույս կար, որ նա շատ ավելի նման կարող էր լինել Լեհաստանին, քան Ուկրաինային կամ Ադրբեջանին։ Սակայն մենք այնտեղ ենք, որտեղ ե՛նք։

Ճանապարհը ներքևից վերև է

Հարցը, որ ինձ տրվում է՝ ի՞նչ անել։ Այդ հարցին պատասխանելու համար մեկ քայլ հետ գնամ։ Ինչպե՞ս է պատահում, որ ոչ նորմալ գործող մյուս համակարգերը (dysfunctional systems) բարեփոխում են կամ չեն բարեփոխում իրենց։ Եթե դուք ունեք գործող ժողովրդավարություն՝ դրան նպաստող իմ նշած ինստիտուտներից որոշների առկայությամբ, որոնք ներառող քաղաքական ինստիտուտների համախումբ են, իհարկե դա այդքան էլ բարդ խնդիր չէ։ Դուք գնում եք քվեատուփի մոտ, քաղաքական կուսակցություններն առաջարկում են թեկնածուների ճիշտ ցուցակ․ դրա համար լինում են որոշակի պահանջներ․․․ և մարդիկ գործնականում կարող են քվեարկել և դուրս նետել նրանց, ովքեր չեն ծառայում իրենց, ճնշում են իրենց, խախտում են իրենց իրավունքները, տնտեսական հնարավորություններ չեն տալիս։ Ահա այսպես։

Սակայն ինչպես կիսագործող ընտրական համակարգերում, ինչպիսին Հայաստանում է, այնպես էլ բռնապետություններում, ճանապարհը, որով գալիս է ինստիտուտների բարեփոխումը կամ փոփոխությունը, պահանջում է ավելի շատ ներքևից վերև գործողություն, երբ դժգոհության և բողոքի արտահայտությունը ինչ-որ ձևով հաղորդվում է վերևներին։ Սա շատ բարդ խնդիր է։ Ես հենց այս դիտանկյունից եմ նայում Հայաստանի վերջին իրադարձություններին։

Երբ կան բողոքի բռնի ցույցեր, և որոնք սպառնալիք են և գործող իշխանության համար կյանքի ու մահվան հարց են, ապա բռնությունները գործող ռեժիմին ավելի շատ հնարավորություն են տալիս ճնշելու բողոքի այդ ցույցերը։ Դրադապատճառն այն է, որ ռեժիմին իսկապես մեծ սպառնալիք է նետված, իսկ առիթն այն է, որ իշխանություններն իրենց գործողություններն արդարացնեն ցուցարարների անզիջում դիրքորոշմամբ և բռնություններով։ Մենք դա տեսել ենք շատ երկրներում՝ Ուկրաինայում՝ Յանուկովիչի ռեժիմի դեպքում, տեսել ենք Լիբիայում, Սիրիայում, Իրաքում։ Այս երկրներից և ոչ մեկում իրադարձությունները լավ բանի չեն հանգեցրել։

Ավելին, այս ճանապարհի հեռանկարը շատ ավելի վատը կարող է լինել, քան սկզբում կարող է երևալ։ Պատճառն այն է, որ ենթադրենք, գործող ռեժիմը շատ կոնֆրոնտացիոն մոտեցում է ցուցաբերում բողոքի որևէ դրսևորման նկատմամբ, որը կարող է ուժեղացնել քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարական և քաղաքացիական իրավունքները, տնտեսական հնարավորությունները։ Քաղաքացիական հասարակության ուժերի և գործող ռեժիմի միջև իսկապես բռնի կամ կիսաբռնի բախում է տեղի ունենում: Կա՛մ գործող ռեժիմը հաղթում է, կա՛մ էլ, նույնիսկ երբ այն պարտվում է, այս բռնի փոխառնչության գործընթացը փոխակերպում է քաղաքացիական հասարակությունն այնպես, որ հաջորդ քայլը շատ հեռուն է գնում: Քաղաքացիական հասարակության առաջնորդները բռնի պայքարում գալիս են ամենատարբեր մարդկանց խմբերից, քան ժողովրդավարական, խաղաղ պայքարի դեպքում է։ Եվ այդ առաջնորդները հակված են իրենց ձեռքը վերցնել ոչ նորմալ աշխատող ինստիտուտները, քան թե ստեղծել լայն կոալիցիա, որը կհանգեցնի ներառող քաղաքական ինստիտուտների ձևավորմանը։ Օրինակներից է բոլշևիկյան հեղափոխությունը, օրինակներ կարելի է բերել Արաբական գարնան դեպքերից և այլ տեղերից։

Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակության և ընդհանուր բնակչության համար իսկապես իրերի շատ բարդ դասավորություն է․ երբ դու լուռ ես, համակարգը շարունակում է նույն կերպ, երբ քո դժգոհությունը վերածվում է չափազանց մեծ կոնֆրոնտացիայի, այն կարող է ուղղվել քո դեմ և ռեժիմին առիթ տալ ճզմելու քեզ։ Իսկապես շատ նեղ արահետ է մնում, որով կարելի է քայլել։ Արահետ, երբ բողոքը և ճնշումը զգացնել ես տալիս ռեժիմին, բայց երբեք առիթ չես տալիս, որ բռնություն լինի, քաղաքացիական հասարակության կառույցները ամբողջությամբ ոչնչացվեն:

Սփյուռքը Հայաստանում երկու դեր ունի՝ դրական և բացասական

Հայաստանն ունի մի շարք ժառանգություններ, որ կարող են նրան օգնել։ Ունի հարաբերականորեն ուսյալ բնակչություն, ունի մատչում աշխարհին, այն ժողովրդավարություն է եղել և ունի ժողովրդավարական պատմություն, այնտեղ ավելի ակտիվ քաղաքացիական հասարակություն է ձևավորվել, քան ասենք՝ Ադրբեջանում կամ այլ երկրներում։

Երբ ես ասում եմ Հայաստանը բաց է աշխարհի համար, դա իհարկե անմիջականորեն վերաբերում է Սփյուռքին։ Եվ այստեղ մենք՝ որպես այդ Սփյուռքի մաս, խոսում ենք Հայաստանի խնդիրների մասին։ Մենք ունենք պարտավորություն։ Կարող է հակասական թվալ, բայց ես նաև կասեի, որ Սփյուռքի գործոնը Հայաստանում երկակի է՝ դրական և բացասական։ Միգուցե և սխալվում եմ։

Անհերքելի է, որ Սփյուռքը մեծ դեր է ունեցել Հայաստանի համար՝ լինելով նոր տեխնոլոգիաների, ձեռներեցության ու մարդկային կապիտալի խողովակ։ Այն օգտակար դեր է խաղացել որպես Հայաստանի իրավունքների պաշտպան միջազգային ասպարեզում։

Սակայն, ես կարծում եմ, որ այն խաղում է նաև երկու պոտենցիալ բացասական դեր։ Առաջինը, ինչի մասին ակնարկեցի Ռուսաստանի դեպքում, երբ դու հասարակություն ես, որի գոյությունը կախված է նավթի եկամուտներից, ինստիտուցիոնալ տրանսֆորմացիան բարդ է։ Լավագույն օրինակները Նիգերիան և Վենեսուելան են։ Սրանք հասարակություններ են, որոնք անգամ նավթային բումի ժամանակներում շատ վատ են եղել, որովհետև նավթային եկամուտները մեծ աղբյուր էին քաղաքական գործիչների, օլիգարխների, գեներալների համար, և դրանք դանդաղեցնում ու անգամ կանխում էին ներառող քաղաքական ինստիտուտների ձևավորումը։

Այնպես որ, ես կարծում եմ, որ Սփյուռքի դերը, որպես ռեսուրս տրամադրող, կարող է բացասական լինել։ Իհարկե, ես չեմ ասում, որ այդ ռեսուրսները պետք չէ տրամադրել։ Սակայն պետք է մտածել, թե ինչպես այդ ռեսուրսները տրամադրել, ուր ուղղել դրանք, ինչպես դրանք գնան բիզնես համայնքին, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին։

Մյուս բացասական դերը, որ Սփյուռքը խաղում է, կարծում եմ՝ ավելի նրբին է։ Որպես Սփյուռք՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հաջողի և միջազային ասպարեզում պատշաճ կերպար ունենա։ Եվ մեզնից շատերը բնականորեն հակված են Հայաստանը նույնացնելու նրա իշխանության հետ։ Երբ Հայաստանի նախագահը գալիս է այստեղ, մենք բոլորս պետք է գնանք նրան հանդիպելու։ Մենք պետք է նրա հետ շփվենք, որովհետև նա Հայաստանի ներկայացուցիչն է։ Սակայն, երբ Հայաստանի քաղաքական ռեժիմը խնդրի մասն է, դա շատ բարդ իրավիճակ է ստեղծում՝ լեգիտիմացնելով ռեժիմն այն աստիճանի, երբ այդ լեգիտիմությունը տարվում է Հայաստան և ավելի բարդացնում այն ճանապարհի կերտումը, որը բողոքը տանում է փոփոխության, քանի որ իշխանության լեգիտիմությունը կորսված է։

Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Սփյուռքը հասկանա այն դերը, որ խաղում է Հայաստանի ռեժիմին լեգիտիմություն հաղորդելով՝ անկախ նրանից, թե ով է այդ ռեժիմը։ Ես չեմ խոսում միայն այսօրվա ռեժիմի մասին, բայց իհարկե դա վերաբերում է նաև այսօրվա ռեժիմին։ Սակայն ով էլ որ լինի այդ ռեժիմը, Սփյուռքը պետք է նրբին դեր խաղա աջակցելու ինչ-որ չափով, բայց նաև քննադատական մոտեցում ցուցաբերելու, որպեսզի ռեժիմի լեգիտիմությունը չկառուցվի ի հեճուկս այն բանի, որ ճնշվում են քաղաքացիների իրավունքները և երկրի համար ստեղծվում տնտեսական և քաղաքական սխալ հետագծեր։

Պատրաստեց Կարեն Հարությունյանը