13 սեպտեմբեր, 2016 10:24

Թուրքիայում ձերբակալվել է Ահմեթ Ալթանը․ Էրդողանին նա «վերջին իթթիհատական» էր կոչել

Սեպտեմբերի 10-ին Թուրքիայում ձերբակալվել է հայտնի գրող և լրագրող Ահմեթ Ալթանը, որն իր եղբոր հետ մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ։ Ալթանը Թուրքիայում ամենախիզախ և հավասարակշռված թերթի համարում ունեցող «Թարաֆի» հիմնադիրն էր ու գլխավոր խմբագիրը։ Թերթի էջերում հաճախադեպ էին հայկական թեմաներով հոդվածները։ 2008թ․ Ալթանը մեղադրվել էր թուրքականությունը վիրավորելու հոդվածով, պատճառը  «Թարաֆում» Հայոց ցեղասպանությանն առնչվողն սյունակն էր։  Ահմեթ Ալթանն արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամի մրցանակին։ Թարաֆից հեռանալուց հետո էլ նա շարունակում էր հանդես գալ հրապարակումներով:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը, ինչպես խոստովանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ալլահի նվերն էր։ Ճշմարիտ ու ջերմեռանդ հավատացյալ Էրդողանն էլ աստվածաշնորհ այդ պարգևից օգտվում է լիուլի՝ լռեցնելով իրեն ու իր գաղափարները քննադատող լրագրողներին,  հրապարակախոսներին ու գրողներին։

2016թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմը» թուրքական բանտերում հաշվում էր շուրջ 82 լրագրող։ Թիվն ամենեևին չի նվազել, ավելին` լրագրողների կալանավորման մասին լուրերը չեն դադարում։

Ընդ որում, եթե սկզբնական շրջանում կալանավորվում էին տարբեր ժամանակներում որոշ չափով իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցության տակ գտնված թերթերի լրագրողները (ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում օրինակ «Զամանի» աշխատակիցները), ապա այնուհետև սլաքն ուղղվեց քրդերի դեմ (Օզգյուր Գյունդեմ (Özgür Gündem), Ազադիյա Վելաթ (Azadiya Welat)), իսկ այժմ դրան զուգահեռ «ֆեթուլլայական գրչակներ» են հայտարարվում  ընթերցողների հսկայական զանգված ու խոսքի մեծ կշիռ ունեցող լրագրողները։

Գրողների համաշխարհային ասոցիացիան (PEN) հանդես եկավ  Ահմեթ Ալթանին անհապաղ ազատ արձակելու կոչով։ Օրհան Փամուքն էլ Թուրքիայի համար ամոթալի համարեց այս ձերբակալությունը։

Սեպտեմբերի 4-ին ձերբակալությունից առաջ է գրել իր վերջին` «Այսպես չի լինի» հոդվածը: Թուրքիայի ապագայով մտահոգված Ահմեթ Ալթանը Էրդողանին ու իր կուսակիցներին խորհուրդ է տալիս չնմանվել երիտթուրքերին։

Ահա հոդվածից մի քանի հատված․

«Ինչու՞ եք ցանկանում բոլորին լռեցնել։ Իթթիհատականներն էլ այդպես վարվեցին, բոլոր քննադատությունները բռնի ուժով լռեցրին, արդյունքում աղետ եղավ։ Հարյուր անմեղ լրագրող բանտում է։ Ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան արդեն իսկ գերազանցում է Եգիպտոսին, Իրանին ու Չինաստանին միասին վերցրած։ Մի՞թե սա  հպարտանալու առիթ է։ Պատժում եք մեղադրվողների կանանց,  մտերիմներին,  նույնիսկ տարեց ազգականներին։ Մի գիշերում հազարավոր մարդկանց անգործ եք թողնում։ Խլում նրանց տուն ու տեղը։ Դատապարտում լինել գործազուրկ ու սովահար։ Ինչու՞  եք անում այս ամենը։

«Արդարություն ու զարգացում» կուսակցությանը հարող, խիղճը բոլորովին կորցրած մի իրավաբան  երեկ գիշեր հեռուստացույցով հայտարարում էր․

«Դատավորները ՖԵԹՕ-ական լինելու մեջ մեղադրում են յուրաքանչյուր պատահածի, որովհետև եթե իրենք նրանց չձերբակալեն, վախենում են, որ հենց իրենց կմեղադրեն ՖԵԹՕ-ականության մեջ»։

Նման հրեշավոր մթնոլորտում ինչպե՞ ս կարող եք երկիրը ողջամտորեն ղեկավարել, ինչպե՞ ս կարող եք ճիշտ որոշումներ ընդունել։

Ում ցանկանում եք, կարող եք բանտ նետել, ում ցանկանում եք, կարող եք կալանավորել ու տանել, ինչքան ցանկանում եք, կարող եք տրորել օրենքն ու իրավունքը, այսօր դուք այդքան ուժ ունեք։ Սակայն չունեք այնքան ուժ, որ կարողանանք վերացնել այս թունավոր հարցերը։ Դեռ ժամանակ կա։ Վերադարձեք ժողովրդավարությանն ու օրենքին։ «Վերջին իթթիհատականներ» անվամբ հիշվելը  ձեռնտու չէ ո´չ ձեզ, ո´չ էլ  ժողովրդին»։

Գոռ Երանյան