13 սեպտեմբեր, 2016 11:25

Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ

Կարեն Կարապետյանը նշանկվել է ՀՀ վարչապետ․ համապատասխան հրամանագիրը սեպտեմբերի 13-ին ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել սեպտեմբերի 8-ին։ «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Նույն օրը՝ ուշ երեկոյան, իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստում հաստատել էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ․ օգոստոսի 14-ին Ստեփանակերտում։ Տնտեսագիտության դոկտոր է։ 17 գիտական աշխատանքների հեղինակ է։

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

2010թ․ դեկտեմբերի 17-ից 2011թ․ հոկտեմբերի 28-ը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

2011թ․ դեկտեմբերին նշանակվել էր ռուսաստանյան «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնում: 2012թ. նոյեմբերից զբաղեցնում էր «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։