16 սեպտեմբեր, 2016 20:40

Քրիստոսն էլ գա, առանց օրինական իշխանության Հայաստանում հրաշքներ չի կարող գործել

Վերջին երեք վարչապետները հայտարարում են, որ կախարդական փայտիկ չունեն: Ոնց որ էդ կախարդական փայտիկը ոչինչ չանելու նշանաբառ լինի: Ոնց որ ինչ-որ մեկն էդ մարդկանց ասած լինի՝ եթե չասեք, որ կախարդական փայտիկ չունեք, ժողովուրդը կախարդական փայտիկ է ուզելու: Ասեք՝ չունենք, էդ դարդից պրծնենք:

Ընկերներ, 1995-ից այս կողմ Հայաստանի Հանրապետության միակ կախարդական փայտիկը ընտրություններն են: Կեղծեցի՞ք, վերջ՝ էլ ոչ մի կախարդական փայտիկ և նույնիսկ կախարդական գերան մեզ չի փրկելու: Եվ, ընդհանրապես, եթե փայտիկը կառավարման անխուսափելի տարր է, ուրեմն Հայաստանը կառավարվում է դիրիժորական փայտիկով: Կարեն Կարապետյանին պարզապես տրված է պատրանքը, թե ինքը  առաջին ջութակ է: Ընդամենը: Ինքը նույնիսկ ստեղծագործական էքսպերիմենտներ չի կարող իրականացնել իր աթոռից: Կարեն Կարապետյանը չի աշխատելու: Ավելին ասեմ՝ եթե նա համաձայներ աշխատել, չէր գա: Որովհետև,- մեռանք ասելով,- խնդիրը վարչապետը չէ: Վարչապետ փոխելով, ավելի լավին, ամենալավին բերելով ոչինչ չեն կարողանալու անեն: Սա կռկռոց չէ:

Երեք տարբեր վարչապետ մեր աչքն են մտցնում կախարդական փայտիկի բացակայությունը: Ավելի վատ, տղերք, որ էդ փայտիկը չկա: Բա ինչի՞ եք գալիս: Էդ ի՞նչ անլրջություն է: Եթե օրինական իշխանություն չունես, պիտի կախարդական փայտիկ ունենաս: Եթե դու ասում ես, որ կախարդական փայտիկ չունես, ուրեմն հասկացնում ես, որ Հիսուս Քրիստոսն էլ Մարիամ Աստվածածնի ձեռքից բռնած գա, առանց օրինական իշխանության Հայաստանում հրաշքներ չի կարող գործել: Երբ խոսում եք խաղի կանոնների փոփոխությունից, դուք ուզում եք ասել, որ ձեզ քարտ բլա՞նշ է տրված: Տվողն ո՞վ է: «Անունը քույրիկ»,- ինչպես հայտնի կինոնկարում է ասվում: Փորձում եք այնպես անել, որ ամեն նոր վարչապետի ընկալենք որպես Մեսիա՞: Մեսիաներ չկան, եթե Սահմանադրություն ունես: Եթե չունես, Մեսիաները գալիս են զենքը ձեռքին: Դուք հլը սրանց միջև ընտրություն կատարեք: Պնդում եմ՝ ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի ծրագիր Հայաստանը չի փրկի: Ոչ մի: Մի գյուղապետի ազատ արդար ընտրությունից հետո նոր եկեք խոսենք: Նոր վարչապետն արդեն քարտ բլանշ է տվել մենաշնորհներին: Եկել է, որպեսզի իրականացնի «Մարգարեի» ասածը, ըստ որի՝ մի փոքրիկ երկրում ուզում եք, որ 10 հոգի շաքարավա՞զ ներկրի:

Հայաստան կոչվող աղբյուրի պռնկին նստած դևի հետ ձեր հաշիվները մաքրեք: Բայց դա անելու լիազորությամբ չէ, որ եկել եք: Թեպետ, հեքիաթի տրամաբանությամբ՝ եթե դևը կա, պիտի որ կախարդական փայտիկն էլ լինի: Ես, իհարկե, չեմ հիշում, որ երբևէ դևը և կախարդական փայտիկը նույն հեքիաթում գործեն: Այնպես որ, հասկանալի է, որ կախարդական փայտիկ չկա: Բայց հեքիաթ էլ չկա, ընկերներ: Դուք կյանքն այնպիսին չեք դարձրել, որ հեքիաթներին հավատալով պրծնենք: Բայց ձեր արածում շատ սարսափելի մի բան կա: Դա զգեստավորված հույսն է, այսպես ասած՝ նոր ասկուտեղի վրա մատուցվող հույսը: Այսպես ասած՝ պսևդոհեքիաթը: Իբր, դեռ կտեսնենք, թե ինչքան փոփոխություններ են լինելու:

Կարեն Կարապետյանն ասում է՝ երկու փուլանոց ծրագիր եմ ներկայացնելու: Ինչ ասում են, իր հետևից լիքը պսևդոչգիտեմ ինչ է բերում: Նախ՝ Կարապետյանը հանրապետական չէ, երկրորդ՝ էդ մարդը գալիս է մի ծրագրով, որտեղ, եթե պիտի նկատի ունենա ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը, մենք մինչև կոկորդը կուշտ ենք նրանց նախընտրական ծրագրերից: Եթե պիտի նկատի չունենա, բա ինչի՞ են հանրապետականներով իրականացնում դրանք:  Հետո՝ եթե ինքը դա ուզում է իրականացնել առանց ՀՀԿ-ականների, ինչու՞ ընտրություններ չեն անցկացվում և քաղաքական ուժերի իրական դասավորությամբ ձևավորում կառավարությունը:

Եթե Կարեն Կարապետյանը կառավարությունն ազատելու է ՀՀԿ-ական կադրերից, ուրեմն, քաղաքական կուսակցություն է դնում հարվածի տակ, պրոֆեսիոնալ կադրերի համար այլ Սահմանադրություն և կառավարման այլ համակարգ է պետք: Իսկ եթե ուզում է շարունակել ՀՀԿ-ով համալրել կառավարությունը, ապա կներես, ընկեր, բա ինչի՞ համար ենք հավաքվել: ՀՀԿ-ից բոլորն են զզվել, բացի Սերժ Սարգսյանից և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից: Բոլորն անխտիր զզվել են էդ կուսակցությունից:

Սերժ Սարգսյանը, ընկերնե՛ր, տղե՛րք, տղանե՛ր և աղջիկնե՛ր, քույրիկնե՛ր և եղբայրնե՛ր, հարազատնե՛ր և անծանոթնե՛ր, Հայաստանի հայե՛ր և ոչ հայե՛ր, չի կարող իրավիճակ փոխել Կարեն Կարապետյանով կամ առանց Կարեն Կարապետյանի: Սա չի քննարկվելու, եթե նույնիսկ աշխարհի ամբողջ հայությունը հակառակը պնդի: Սերժ Սարգսյանը պետք է այնպես հեռանա քաղաքական ասպարեզից, որ Աստված անգամ հետախուզում հայտարարելով չգտնի: Լավ թեմա է Ֆեյսբուքի պատը լցնելու համար, Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի հետ ընդհանուր ոչինչ չունենալը ներկայացնելու համար, մեր անհատական երազանքներին նոր թափ հաղորդելու համար: Բայց պետականաշինության առումով ինքը թեմա չէ: Եթե կախարդական փայտիկ չունենալու մասին խոսում է արդեն երրորդ անընդմեջ վարչապետը, համարեք այն որպես ազդակ, որ «երեկ լավ էր, քանց վուր էսօր»:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: