22 սեպտեմբեր, 2016 14:25

«Իսկանդեր»՝ «անորսալի, շարժական, մոլորեցնող»

Սեպտեմբերի 21-ի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շարքում Հանրապետության հրապարակով անցան նաև «Իսկանդեր» համալիրները: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ զորահանդեսին ցուցադրված ամբողջ սպառազինությունը, ներառյալ «Իսկանդեր»-ները, պատկանում են Հայաստանի զինված ուժերին: Համալիրի հեռահարությունը կազմում է 300 կմ:

Անցած ուրբաթ սոցիալական ցանցերում հայտնվել էին Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի փորձի ժամանակ արված՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի լուսանկարներ, որոնք արագ տարածվեցին ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցներում: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ձեռնպահ էր մնացել ՀՀ զինված ուժերի կողմից համալիրի ձեռքբերման մասին հարցին պատասխանելուց՝ ասելով, որ «ինտրիգը կմնա մինչև սեպտեմբերի 21-ի զորահանդեսի պաշտոնական հայտարարությունները»: 

Ադրբեջանական մամուլը շտապեց «տեղեկացնել», որ ամբողջ նորագույն տեխնիկան և սպառազինությունները, որոնք ներկայացվելու են շքերթին, պատկանում են ոչ թե ՀՀ զինված ուժերին, այլ ռուսական 102-րդ ռազմաբազային:

Իսկ ռուսական «Վեդոմոստին» թեմային անդրադարձավ «Իսկանդերները հասան Հայաստան» վերնագրով հրապարակմամբ: Պարբերականը գրում էր, որ թեև չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ-ից և ՌԴ «Ռոսոբոռոնէքսպորտ» ընկերությունից, սակայն ռուսաստանյան պաշտպանական-արդյունաբերական համալիրի երկու մենեջերներ հաստատել են Հայաստանին «Իսկանդերի» մատակարարման փաստը՝ հստակեցնելով, որ «Ռոսոբոռոնէքսպորտ» ընկերությունը դրա հետ առնչություն չունի. համալիրը ձեռք է բերվել «ՀԱՊԿ-ի շրջանակում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա՝ շրջանցելով ռուսաստանյան պետական միջնորդին»: 

«Վեդոմոստին» մանրամասնում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված՝ Ռուսաստանից 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու վերաբերյալ վարկային համաձայնագրում «Իսկանդեր» համալիրը չի հիշատակվում, և թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ առաքման վերաբերյալ գործարքն իրականացվել է առանց այդ վարկային միջոցների ներգրավման: 

«Ինտրիգը»՝ իրականություն

Սեպտեմբերի 21-ի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շարքում Հանրապետության հրապարակով անցան նաև «Իսկանդեր» համալիրները: Միջոցառմանը հայտարարվեց, որ Հայաստանին մատակարարվել են 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր» համալիրներ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ զորահանդեսին ցուցադրված ամբողջ սպառազինությունը, ներառյալ «Իսկանդեր»-ները, պատկանում են Հայաստանի զինված ուժերին: 

«Իսկանդեր». արտահանման ոչ ենթակա, հարձակողական զենք 

««Իսկանդեր» համալիրը ստեղծվել է 1990-ականներին-2000-ականների սկզբին:

Մինչև այժմ այս գերճշգրիտ և հեռահար համակարգը [արտահանման ենթակա տեսակի հեռահարությունը՝ մինչև 280կմ] չի հաջողվել արտահանել ոչ մի երկիր: 2005թ. ստորագրվել է Սիրիա «Իսկանդերի» մատակարարման վերաբերյալ գործարք, որը, սակայն, չի իրագործվել Իսրայելի կառավարության խնդրանքով»,- գրում է «Վեդոմոստին»:

ՌԴ ԶՈՒ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկիի խոսքով՝ «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակը մեկ դիվիզիոնն է՝ չորս արձակման կայանքով (երկուական հրթիռ յուրաքանչյուրում): Գնդապետը «Վեդոմոստիի» հետ զրույցում ենթադրել էր, որ հենց այդ քանակն էլ մատակարարվել է Հայաստանին: 

ՀԱՊԿ երկրներից մեկի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին ասել է, որ Ադրբեջանին Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի կողմից համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգերի մատակարարումից հետո «Հայաստանը մտավախություն ունի, որ դրանք կօգտագործվեն բնակավայրերի վրա հարվածներ հասցնելու համար»: Թերթի զրուցակիցը արձանագրել է, որ «Իսկանդերը» կարող է նման մտադրությունների լուրջ զսպող միջոց դառնալ: 

«Իսկանդեր» համալիրների մասին Վիքիպեդիայի տվյալներում նշված է, որ դրանք գտնվում են արտահանման համար արգելված արտադրանքի ցանկում, և չնայած Սաուդյան Արաբիայի շահագրգռվածությանը՝ արտերկիր չեն արտահանվելու: 

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականին տված հարցազրույցում հաստատել է՝ «Իսկանդերը» գտնվում է արտահանման համար արգելված արտադրանքի ցանկում և արտերկիր չի վաճառվելու: 

«Դա լուրջ հարձակողական զենք է, որը կարող է միջուկային լիցք կրել»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ սաուդցիներն անընդհատ հետաքրքվում են դրանով, սակայն Մոսկվան մտադիր չէ նրանց համար բացառություն անել:


«Իսկանդեր Մ» կամ «Իսկանդեր Է»՝ ընդամենը բառախաղ. ՊՆ խոսնակ 

«Իսկանդեր Մ»-ը հիմնական տարբերակն է [հեռահարությունը՝ 500 կմ] ռուսական բանակի համար, որը զգալիորեն ավելի բարդ կառուցվածք ունի, քան «Իսկանդեր Է»-ն:

Վիքիպեդիան տեղեկացնում է, որ Հայաստանը «Իսկանդեր» ձեռք է բերել 2013թ., և ենթադրաբար համալիրը մատակարարված է արտահանման կոնֆիգուրացիայով, որի դեպքում արձակման առավելագույն հեռահարությունն իջեցված է 500-ից 280-300 կմ-ի:

ՍիվիլՆեթը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց ճշտել, թե «Իսկանդեր» համալիրի որ տեսակն է մատակարարվել Հայաստանին, ինչին ի պատասխան խոսնակն ասաց, որ «Իսկանդեր Մ» կամ «Իսկանդեր Է» դա «ընդամենը բառախաղ է, և կարևոր է պլատֆորմը»: Նա հաստատեց, որ Երևանն ստացել է 300 կմ հեռահարությամբ համալիրներ: 

Զենքը մշակած ընկերության կայքում «Իսկանդեր Է»-ն բնութագրվում է որպես գերճշգրիտ հրթիռային համալիր, որը «ցամաքային ռազմական գործողությունների ցանկացած տեսակների դեպքում ապահովում է մարտական խնդիրների լուծում՝ օրվա ցանկացած ժամի»՝ հակառակորդի կողմից հակահրթիռային պաշտպանության միջոցներով ակտիվ հակազդեցության և ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում:

««Իսկանդեր» հրթիռային համալիրի խնդրահարույց լինելը կայանում է նրանում, որ այն անհնար է «որսալ»»,- գրում է Expert պարբերականը: 

Այն արձակում է կեղծ թիրախներ՝ հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերը մոլորեցնելու համար և հարուցում է ակտիվ ռադիոխանգարումներ: Հարվածի խոցող ուժը կարելի է ավելացնել՝ հրթիռի վրա «կախելով» միջուկային մարտագլխիկ: Ընդ որում՝ «Իսկանդերը» չափազանց շարժական է և քողարկված. դրա բացահայտման հավանականությունը, նույնիսկ տիեզերական հետախուզության միջոցներով, շատ ցածր է:

«Իսկանդեր Մ» հրթիռի արձակման տեսանյութ, 2016թ. ապրիլ

Ստելլա Մեհրաբեկյան