27 սեպտեմբեր, 2016 09:41

Սերժն ընդդեմ կեղծիքի

Սփյուռքում հասունանում է համոզումը, որ Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանի ներսում են, որ Հայաստանի թշնամիներն առաջին հերթին ոչ թե և ոչ միայն նրա հարևաններն են, այլ կաշառակերությունն ու անարդարությունը, տնտեսական ու քաղաքական մենաշնորհը, ընտրակեղծարարությունն ու իշխանական ամենաթողությունը:

Առաջիններից մեկը, ով գիտակցում է, որ Հայաստանը պետք է փոխել ներսից և այդ մասին հրապարակավ արտահայտվում է, աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն է: Հայաստանը փոխելու համար պետք է սկսել ընտրություններից, ավելի ճիշտ՝ ընտրություններ չկեղծելուց:

Դեռ 2013-ի փետրվարին, նախագահական ընտրություններից մի քանի օր անց, Թանկյանը նամակ հղեց Սերժ Սարգսյանին՝ տարակուսանք հայտնելով ընտրություններում նրա տարած հաղթանակի վերաբերյալ:

Թանկյանը, շնորհավորելով Սարգսյանին հաղթանակի առիթով, գրել էր.

«Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ՝ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը: Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը: Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի գեներալ-նահանգապետ կամ բռնապետ դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի»:

«Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք: Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Սե՛րժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք: Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: Ոչ ոք չի կարող լինել oրենքից բարձր»:

Սերժ Սարգսյանը պատասխանեց Սերժ Թանկյանին՝ բավական երկար ու զգայացունց նախադասություններով, նամակի վերջում գրելով. «Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր»:

Այս պատասխանը չբավարարեց Թանկյանին, և նա գրեց երկրորդ նամակը. «Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին և չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին: Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն և բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ: Այնուհանդերձ, անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում ուշադրությունը անհավասարությունից և անարդարությունից շեղելու նպատակով: ԱՄՆ-ի հանրապետականները այն արել են բազմաթիվ ընտրությունների ժամանակ և այժմ ոչ ոք այլևս դրան չի հավատում»:

«Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների և քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ: Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ և կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրը իր քաղաքացիներից` ավելին, քան ականները և ռումբերը: Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու այն շտկելու համար: Պատրաստվում եք արդյո՞ք համակարգը բարեփոխել: Մենք հոգնել ենք լսելով այն ներդնողների մասին, ովքեր հեռանում են Հայաստանից թալանված, հոգնել ենք լսել անձնական շահերի համար քաղաքական  ճնշումների մասին, քաղաքական շահեր հետապնդելով լրատվական միջոցներին ենթարկեցնելու մասին, դատարաններում անարդարության մասին և այլն և այլն: Շատերը կարծում են, թե քաղաքական մշակույթը փոխելու համար սերնդափոխություն է հարկավոր` կաշառակերությունից և բռնությունից ձերբազատվելու համար», գրել էր Թանկյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով Երևանում ունեցած համերգի ընթացքում Սերժ Թանկյանը հայտարարեց. «Մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ, պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի՝ երբևէ չլինելով այս կամ այն երկրի հաճախորդը։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։ Հայաստանի կառավարության պարտականությունն է՝ ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող համակարգային անարդարությունից և դադարեցնել բնակչության արտագաղթը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս ամենը և միաժամանակ ռոքի միջոցով ցնցել ձեզ»:

Հանրահայտ ռոք երգիչը չլռեց և իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանական գնդի գրավման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին և կրկին քննադատեց Հայաստանի իշխանություններին. «Վերջ չունեցող համակարգային կոռուպցիան՝ ներառյալ ենթադրյալ կոռուպցիան ԼՂ պաշտպանական ուժերի ոչ պատշաճ զինման շուրջ, դատական անհավասարությունը, ոստիկանական բռնությունները, կեղծված ընտրությունները, օտարերկրյա միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասը և որպես հետևանք բնակչության նվազումը առաջացրել է ժողովրդի վրդովմունքը Սերժ Սարգսյանի կառավարության դեմ»:

Վերջերս Սերժ Թանկյանը, մի շարք այլ նշանավոր սփյուռքահայերի հետ, նախաձեռնել է «Արդարություն Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք change.org կայքում: Ստորագրահավաքի նախաձեռնողները Հայաստանի իշխանություններին հորդորել են 2017-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել թափանցիկություն, օրինականություն և հայտարարել, որ մտադիր են ապրիլին ժամանել Հայաստան և հենց տեղում հետևել ընտրությունների ընթացքին։

«Մենք ոչ ենք ասում կոռուպցիային, մենիշխանությանը, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանություններին, կուսակցություններին կառչած քաղաքական գործիչներին, անհավասար իրավունքներին, ազգային բնակչության կրճատմանը, կեղծված ընտրություններին, որոնցից յուրաքանչյուրը հանգեցնում է շարունակական անհնազանդությունների»,- ասված է ստորագրահավաքի տեքստում:

Թանկյանը գրել է, որ չի բացառում այցելել Հայաստան 2017-ի խորհրդարանական ընտրությունների օրերին:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: