28 սեպտեմբեր, 2016 13:12

Հայաստանը բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում

Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2016-2017»-ում զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով առաջընթաց 3 կետով։ Անցած տարի Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցրել էր 82-րդ տեղը։

2016-17 զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդեռլանդները և Գերմանիան:

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Վրաստանը (7 կետով, 59-րդ տեղ), Ադրբեջանը (3 կետով, 37-րդ տեղ), Տաջիկստանը (3 կետով, 77-րդ տեղ) և Ռուսաստանը (2 կետով, 43-րդ տեղ)։ Զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան (16 կետով, 100-րդ տեղ) և Ղազախստանը (11 կետով, 111-րդ տեղ)։

Համաձայն զեկույցի, որի արդյունքները ներկայացրել է ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել նորարարություն (20 կետ), գործարարության կատարելագործվածություն (16 կետ) և ինստիտուտներ (10 կետ) հենասյուների մասով։ Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև ապրանքների շուկայի արդյունավետություն (5 կետ), ֆինանսական շուկայի զարգացվածություն (4 կետ), տեխնոլոգիական պատրաստվածություն (4 կետ) և աշխատուժի շուկայի արդյունավետություն (3 կետ) հենասյուների ցուցանիշները: Միաժամանակ վատթարացել են մակրոտնտեսական միջավայր (16 կետ) և շուկայի չափ (4 կետ) հենասյուների ցուցանիշները: Մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար են ազդել գնաճի և պետական բյուջեի պակասուրդի բարձր մակարդակները։

Բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները հաստատուն կերպով մնում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվը:

Հայաստանի մրցունակության ուշագրավ առավելությունների թվում են ՁԻԱՀ-ի տարածվածության տոկոսը չափահաս բնակչության շրջանում (1-ին տեղ), նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակը (3-րդ տեղ), նոր բիզնես սկսելու անհրաժեշտ օրերի քանակը (9-րդ տեղ), հարկման դրույքը (12-րդ տեղ), աշխատանքի ընդունման և հեռացման պրակտիկան (19-րդ տեղ):

Ուշագրավ թերությունների թվում են նավահանգստային ենթակառուցվածքների որակը (122-րդ տեղ), արտաքին շուկայի չափի համաթիվը (121-րդ տեղ), ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով (119-րդ տեղ), ՀՆԱ-ն` գնողունակության պարիտետով հաշվարկված (118-րդ տեղ), եւ ներքին շուկայի չափի համաթիվը (118-րդ տեղ):

Համաձայն զեկույցի՝ Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ (3,534 դոլար, 2015 թ.):

Մրցունակության համաշխարհային այս զեկույցի հիմնական բացահայտումներն են․

• տնտեսությունների բացության աստիճանի կրճատումը վտանգում է աճը և բարեկեցությունը։

• դրամավարկային խթանիչ միջոցները բավարար չեն կայուն աճ ապահովելու համար և պետք է զուգորդվեն մրցունակության բարեփոխումներով։

• 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը ամբողջապես փոխում է տնտեսությունների զարգացման տրամաբանությունը։

Հայաստանի տնտեսական իրականությունը

Հետճգնաժամային վերականգնումից հետո՝ 2013-ից Հայաստանի տնտեսությունը հայտնվել է դանդաղ աճի իրավիճակում։ Տնտեսության առաջատար ոլորտների առաջին եռամսյակում գրանցած աճի համեմատաբար բարձր տեմպը զգալիորեն նվազել է 2-րդ կիսամյակում։

Վերջին 7 տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծմանը, սակայն այն անընդհատ նվազել է և գրանցել 4,4 տոկոս անկում 2015-ին։ 2016-ի առաջին 7 ամիսներին նկատվել է արտահանման աճի դրական դինամիկա։

Օտարերկրյա ներդրումների ծավալների անընդհատ նվազող տեմպն ազդանշան է երկրի ցածր ներդրումային գրավչության և աճի հնարավորությունների սահմանափակության վերաբերյալ։

Կորպորատիվ սեկտորի պարտքով բեռնվածության աստիճանի բարձրացման պատճառով նկատելի են ֆինանսական առողջության խնդիրներ։ Բանկերի չաշխատող ակտիվների կշիռը, անընդհատ աճելով վերջին 3 տարիներին, հասել է 8,4 տոկոսի։

Պետության կողմից արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման կարողությունը խիստ սահմանափակվել է՝ պարտքային բեռի ՀՆԱ նկատմամբ 50% սահմանաչափին հասնելու պատճառով։

Հայաստանի տնտեսական կայուն և նշանակալից աճի ապահովումը կրիտիկական է

Մրցունակության էական բարձրացման համար անհրաժեշտ է տարեկան մոտ 3-4% աշխատանքի արտադրողականության աճ։

Նման արտադրողականության աճի պայմաններում՝ գործազրկության կրճատումը և արտագաղթի կասեցումը պահանջում է ՀՆԱ-ի տարեկան ևս 4-5 տոկոսային կետի աճ։

Այս երկու խնդիրների միաժամանակ լուծումը կարող է իրականանալ նվազագույնը 7-8% տարեկան տնտեսական աճի պայմաններում։

Տնտեսական քաղաքականության օրակարգը պետք է ձևավորվի աճի հետևյալ սահմանափակումների վերացմանն ուղղված նախաձեռնություններով։

1․ Անկատար մրցակցային միջավայր

- Հարկային, մաքսային վարչարարության, մրցակցության պաշտպանության և պետական գնումների քաղաքականության միջոցով հավասար հնարավորությունների ապահովում

2․Նոր բիզնես հնարավորությունների բացահայտման պակաս

- Նոր տեխնոլոգիաների հիման վրա արդյունաբերական զարգացման ռազմավարություն նոր բացվող հնարավորությունների համատեքստում

- Օտարերկրյա ներդրումների ներգրավման նոր մոտեցումներ

3․ Մարդկային կապիտալի ոչ բավարար որակ

- Տեխնոլոգիական նոր դարաշրջանին համապատասխանող լայնամասշտաբ կրթական բարեփոխումներ

- Մասնագիտական հայրենադարձություն

4․ Միաչափ ֆինանսական համակարգ

- Կապիտալ շուկաների զարգացման խթաններ