3 հոկտեմբեր, 2016 11:05

ՏԻՄ ընտրություններ․ Գյումրիում հաղթեց Բալասանյան դաշինքը, Վանաձորում՝ ՀՀԿ-ն

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի երկրորդ և երրորդ ամենախոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններին նախնական արդյունքներով հաղթել են Բալասանյան դաշինքը և Հանրապետական կուսակցությունը համապատասխանաբար։

Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում քաղաքապետի ընտրությունները երեկ առաջին անգամ անցկացվել են համամասնական ընտրակարգով: Քաղաքացիներն ընտրել են ավագանու անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն քաղաքապետին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է 46 092 մարդ կամ ընտրողների 36.59%-ը, Վանաձորում` 41 189 մարդ կամ ընտրողների 42.66%-ը:

Գյումրիում մրցում էր 11 քաղաքական ուժ (10 կուսակցություն և մեկ դաշինք)։ Նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրած Բալասանյան դաշինքը ստացել է 14 987 ձայն (34.75%): Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 9344 ձայնով (21.66%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 4578 ձայնով (10.62%): Չորրորդ տեղում «Գալա» կուսակցությունն է՝ 4517 ձայնով (10.47%)։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5․74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։

Վանաձորում մրցում էր 8 կուսակցություն։ Առաջին տեղը զբաղեցրած ՀՀԿ-ն ստացել է 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։

Անցողիկ վեց տոկոս շեմը չեն հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 1617 ձայն (4.08%), «Համախմբումը»՝ 984 ձայն (2.48%), Հայ ազգային կոնգրեսը՝ 551 ձայն (1.39%)։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վանաձորում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՀՀԿ՝ 13 մանդատ, «Լուսավոր Հայաստան»՝ 10, «Հայկական վերածնունդ»՝ 5, ԲՀԿ՝ 3, ՀՅԴ՝ 2։

Խոշոր քաղաքներում՝ գրեթե անփոփոխ պատկեր

Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում, կարելի է ասել, ավանդական պատկեր է։ Այսպես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հաղթել է գործող քաղքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, որը ստացել է 8702 ձայն։ Նրա մրցակիցները՝ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը և ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը, ստացել են 5282 ձայն և 3393 ձայն համապատասխանաբար։

Սիսիանում հաղթել է անկուսակցական Արթուր Սարգսյանը՝ 4033 ձայնով։ Գործող քաղաքապետ, անկուսակցական Աղասի Հակոբջանյանը գրավել է երկրորդ տեղը՝ ստանալով 3179 ձայն։ Երրորդ տեղում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Սրբուհի Գրիգորյանն է, որը ստացել է 173 ձայն։

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը (3669 ձայն) պարտվել է անկուսակցական, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանին (6671 ձայն), որին ոչ պաշտոնապես սատարում էր ՀՀԿ-ն։ Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Արա Սմբատյանը, ստացել է 1188 ձայն։

Վարդենիս քաղաքում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը, որը ստացել է 2539 ձայն։ Նրա մրցակիցներ՝ ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանն ու անկուսակցական Գնել Խչեյանը, ստացել են 1666 ձայն և 1425 ձայն համապատասխանաբար։

Գավառում վերընտրվել է գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը՝ ստանալով 7678 ձայն։ Մարտիրոսյանը միակ թեկնածուն էր։

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նույնպես վերընտրվել է ՀՀԿ-ական գործող քաղաքապետ, միակ թեկնածու Միքայել Ղարաքեշիշյանը, որը ստացել է 8150 ձայն։

***

Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Հայաստանի 6 մարզերի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի ընդհանուր 377 համայնքներում:

ԿԸՀ նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 378 557 մարդ կամ ընտրողների 50.87%-ը։ Դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ուսումնասիրվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն: Դրանցից 175-ն  ուղարկվել են Քննչական կոմիտեի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: