25 հոկտեմբեր, 2016 15:39

Ընդդիմության միավորման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 2-ին Գյումրիի և Վանաձորի ավագանու՝ համամասնական կարգով տեղի ունեցած ընտրությունները հատկապես ընդդիմադիր կուսակցությունների համար յուրահատուկ ստուգարք էին 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Գոհացուցի՞չ են արդյոք ընդդիմության գրանցած արդյունքները այդ ընտրություններում և արդյոք, առանձին վերցրած, մասնակից կուսակցությունների համար բավարար հիմքեր տալի՞ս են, եթե ոչ իշխանափոխության, ապա գոնե 7-րդ գումարման խորհրդարանում հայտնվելու համար:

Ուժերի ներկայիս հարաբերակցության ու դասավորվածության պայմաններում կարելի է ասել, որ որևէ ընդդիմադիր կուսակցություն, առանձին վերցրած, իրական շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարելու համար: Չնայած դեռ մի քանի ամիս կա ընտրություններին, սակայն հազիվ թե հաջողվի առանձին վերցրած որևէ ընդդիմադիր կուսակցության իշխանափոխության ձեռնոց նետել գործող իշխանությանն ու նրա վերարտադրությանն աջակցող, ընդդիմադիր դիմակով ներկայացող սատելիտ կուսակցություններին:

Ճիշտ է` Գյումրիում և Վանաձորում երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ ԳԱԼԱ-ն ու «Լուսավոր Հայաստանը», համապատասխանաբար 10 և 27 տոկոս վստահության քվե էին ստացել, սակայն դրանք տեղային մակարդակով գրանցած հաջողություններ են: Համապետական մասշտաբով Գյումրիում ու Վանաձորում ստացած համեմատաբար բարձր տոկոսները էական նշանակություն չեն ունենալու այդ կուսակցությունների համար: Իսկ ընտրություններին մասնակից մյուս ընդդիմադիր կուսակցությունները ընդհանրապես տապալվեցին՝ չկարողանալով հաղթահարել նույնիսկ անցողիկ շեմը: Նման արդյունքներով լուրջ չի ընկալվի առանձին վերցրած որևէ ընդդիմադիր կուսակցության հայտ՝ 2017թ. իշխանափոխություն անելու:

Դաշտի ընդդիմադիր հատվածում դեֆրագմենտացիա է անհրաժեշտ, առանց որի ընդդիմադիր կուսակցությունները առանձին վերցրած դատապարտված են անհաջողության:

Խորհրդարանական ընտրություններում հաջողություն ունենալու միակ գրավականը ընդդիմադիր դաշտում ծանրության կենտրոն ստեղծելն է: Բարդությունն այն է, որ դաշտում դեռևս չի նշմարվում առանձին վերցրած որևէ ուժ, որը կարող է հավակնել դաշտի ծանրության կենտրոն լինելու, որի շուրջ կմիավորվեն մի քանի այլ կուսակցություններ:

Ներկայիս իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտում ծանրության կենտրոն կարող է ստեղծվել մի քանի ընդդիմադիր կուսակցությունների միավորումով: Ընդդիմադիրների բացարձակ միավորման մասին խոսելն ուտոպիա է, և այդպիսի միավորում օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով պարզապես չի կարող լինել:

Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը կաղում է ոչ միայն ֆինանսական, այլև մարդկային, կազմակերպչական ռեսուրսներից: Փոփոխված Ընտրական օրենսգրքով խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են այսպես կոչված ռեյտինգային ցուցակներով: Յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է ներկայացնել թեկնածուների ցուցակներ յուրաքանչյուր ընտրատարածքի համար, ինչը ընդդիմության համար ավելի մեծ խնդիր է, քան անգամ ֆինանսների հայթայթումը:

Ընդդիմադիր մի քանի կուսակցությունների միավորումը թույլ կտա որոշակիորեն լուծել նաև այդ խնդիրը: Օրինակ, եթե միավորվում է չորս կուսակցություն, նրանցից ամեն մեկն առաձին վերցրած իր պատասխանատվության տակ է վերցնում մեկ կամ երկու մարզ և ուժերը կենտրոնացնում է այդ մարզում/երում: Այլապես որևէ ընդդիմադիր կուսակցություն չի կարող հավաստիացնել, որ իր մարդկային ու ֆինանսական ռեսուրսները բավարար են ամբողջ հանրապետության տարածքը ծածկելու ու վերահսկելու համար:

Ուժերի ներկայիս հարաբերակցությունն ու իրավիճակը կարող են կտրուկ փոխվել երկու դեպքում, եթե՝

- Տեղի ունենա տնտեսական կոլապս, կտրուկ վատանա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այդ դեպքում իշխանության դիրքերն էականորեն կթուլանան։

- Պատերազմ ղարաբաղյան ճակատում՝ հայկական կողմի համար անցանկալի ելքով: Այդ դեպքում իշխանությունը կրկին կարող է հայտնվել ծանր իրավիճակում:

Եթե վերոհիշյալ երկու հանգամանքները բացակայում են, ապա ընդդիմություն-իշխանություն ուժերի հարաբերակցությունը էականորեն չի փոխվելու: Իշխանության համար պայքարում նոր խաղացողի հայտնվելը, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, 2007թ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով, կրկին քիչ հավանական է: Ուստի մնում է միայն ընդդիմադիր դաշտի դեֆրագմենտացիայի ու կոնսոլիդացիայի ուղղությամբ լուրջ քայլեր անելը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: