20 մլն դրամ՝ սիրիահայերի ուսվճարների փոխհատուցման համար

Կառավարությունը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կհատկացնի 20 մլն դրամ․ համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հոկտեմբերի 27-ի նիստում։

Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունի շուրջ 400-ը:

«Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017 թթ. ուստարվա վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125.000 ԱՄՆ դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն ՀՀ դրամի չափով»,- նշված է հիմնավորման մեջ:

Սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2014թ․ տրամադրվել է 26 մլն 160 հազ. դրամ, 2015թ․՝ 24 մլն 656 հազ. դրամ:

Մեկնաբանել