28 հոկտեմբեր, 2016 13:23

Բակո Սահակյանը կարող է մնալ իշխանության մինչև 2030-ը․ ընդդիմադիր պատգամավոր

Այս տարվա օգոստոսին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, որով առաջարկվում է Արցախում նախագահական ավելի ուժեղ կառավարման մոդել ներդնել՝ մեծացնելով նախագահի լիազորությունները և վերացնելով վարչապետի ինստիտուտը։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լուրջ ռիսկեր է տեսնում սրանում՝ պնդելով, որ փոփոխությունն արվում է Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրաձգելու համար։ Խանումյանը ՍիվիլՆեթին ներկայացրել է իր մտահոգությունները։

- Պարոն Խանումյան, 2017-ին ավարտվում է Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Դուք մտահոգություն եք հայտնել, որ պարոն Սահակյանը Սահմանադրության փոփոխությամբ կկարողանա երկիրը ղեկավարել նաև դրանից հետո։ Ո՞րն է մտահոգության հիմքը։

- Առաջիկայում հանրությանը կներկայցվի Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Մինչև նոյեմբերի 20-ը այն պետք է ներկայացվի ԼՂՀ նախագահին, ապա գա Ազգային ժողով և, ընդունվելուց հետո, դրվի հանրաքվեի: Դեռ 2016թ. փետրվարին խորհրդարանական կուսակցությունների միջև սկսվել էին քննարկումներ սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ, խորհրդարանական ամենախոշոր ուժերը` «Ազատ Հայրենիքն» [ղեկավարում է գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը – խմբ․] ու Դաշնակցությունն այդ ժամանակ պնդում էին խորհրդարանական մոդելի վրա, նրանց աջակցում էր Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: «Շարժում-88»-ը կիսանախագահական մոդելի կողմնակից էր, իսկ իմ գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ընդհանրապես դեմ էր փոփոխություններին:

Սակայն արդեն հունիսին ամեն ինչ փոխված էր, խորհրդարանական կուսակցությունները սկսեցին ոչ մի դերակատարում չունենալ փոփոխությունների հետ կապված՝ Երևանից իջեցվեց «մասնագիտական դեսանտ» Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, որոնք էլ առաջարկեցին այսպես կոչված սուպերնախագահական մոդելը: Պետք է նշել, որ հրայրթովմասյանական նախագծի էությունը լրջորեն անհանգստացրել է բոլոր քաղաքական ուժերին, սակայն սա հիմք չէ խորհրդարանում նախագիծը տապալելու արդյունքներ ունենալու համար՝ հաշվի առնելով արցախյան իրականությունը: Փոփոխությունների այս տարբերակին հստակորեն դեմ են արտահայտվել Դաշնակցությունը, որը մնում է խորհրդարանական մոդելի կողմնակից, և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Մեր ամենալուրջ մտահոգությունն այն է, որ այս փոփոխություններով հստակ հնարավորություն է ստեղծվում Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության համար: 2017թ. լրանում է Սահակյանի նախագահության ժամկետը և, ըստ գործող Սահմանադրության, նա այլևս իրավունք չունի թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնի համար: Փոփոխություններով ենթադրվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների փոխկապակցվածություն, որից բխում է, որ հաջորդ ընտրությունները (թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական) տեղի կունենան 2020թ.: 2017-2020 թթ. սահմանդրական փոփոխություններով սահմանվում է անցումային ժամանակաշրջան, իսկ անցումային շրջանի նախագահին նշանակելու է Ազգային ժողովը: Այդ պաշտոնին հավակնում է Բակո Սահակյանը, քանզի դա չի դիտարկվում առավել քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու արգելքի տիրույթում:

Այստեղից նաև բխում է, որ 2020թ. Բակո Սահակյանը կարող է առաջադրվել նախագահի թեկնածուի համար և տեսականորեն կարող է մնալ իշխանության մինչև 2030թ.: Հենց սկզբից մեր արտահայտած մտահոգությունը, որ փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրության համար, հաստատվում է փոփոխությունների նախագծով: Այս փոփոխությունները իրական ծաղր են Արցախի բնակիչների, պետական կառույցների, քաղաքական ուժերի նկատմամբ:

- Ինչպե՞ս եք տեսնում նախագծի ճակատագիրն Ազգային ժողովում, որտեղ ամենաշատ պատգամավորն ունի ԼՂՀ վարչապետի գլխավորած կուսակցությունը:

- Կարծում եմ, որ նախագիծն առանց դժվարությամբ կընդունվի: Լավագույն դեպքում՝ դեմ կքվեարկեն 33 պատգամավորից 11-ը: Նախագծի ընդունման համար հարկավոր է պարզ մեծամասնություն: Թեև այս փոփոխությունները մեծամասամբ ուղղված են նաև վարչապետի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության և անձամբ Արայիկ Հարությունյանի ամբիցիաներին, այնուամենայնիվ նրանք ևս չեն համարձակվի դեմ քվեարկել՝ որպես փոխհատուցում Արայիկ Հարությունյանի համար ապահովելով ասենք գյուղնախարարի պաշտոն ապագա կաբինետում:

- Իսկ ի՞նչ պետք է ակնկալել հանրաքվեից, արդյոք դեմ արտահայտվող ուժերը ներուժ ունե՞ն տապալելու սահմանադրության փոփոխությունները:

- Նման հնարավորությունը շատ փոքր է: Մենք հակված ենք դեմ-ի լուրջ քարոզարշավ անել, սակայն խիստ սահամանափակ ռեսուրսներ ունենք: Արցախյան հասարակության մեջ այս հարցի շուրջ մեծ անտեղյակություն և ապատիա կա: Հաշվի առնելով ընտրակեղծարարության մեծ մակարդակն Արցախում` առանց մեծ ռեսուրսների անհնար կլինի տապալել փոփոխությունները:

Սյուզաննա Հովհաննիսյան

Լուսանկարում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Լուսանկարը՝ Սարգիս Խանդանյանի, ՍիվիլՆեթ